211652_close_icon
views-count475 դիտում article-date 10:37 06-11-2020

Ինչ այլ կետեր կան նշված ՄԱԿ-ի՝ Արցախին վերաբերվող բանաձևերում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր բազմաթիվ հարցազրույցներից մեկում կրկին անդրադարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերին, նշելով, որ դրանցում իբր ասված է, թե Հայաստանը պետք է դուրս բերի իր զինված ուժերը սկզբից 5, ապա ևս 2 շրջաններից: Ես չեմ զարմանա, եթե ադրբեջանական կողմն այդ բանաձևերում «գտնի» հիշատակումներ այն մասին, որ, օրինակ, հայերը պետք է դուրս գան նաև Սյունիքից և Երևանից, կամ՝ որ Հարավային Կովկասում պետք է ստեղծվեն թուրքական պետության վիլայեթներ: Հիրավի, մարդիկ անգամ կես էջանոց փաստաթղթերում տեսնում են միայն այն, ինչ ցանկանում են տեսնել, անտեսելով իրենց համար ոչ ձեռնտու բոլոր կետերը: Այնտեղ իսկապես կա «բոլոր ուժերը» Ադրբեջանի «գրավյալ» շրջաններից դուրս բերելու կոչը: Բայց եթե 28 տարի առաջ ընդունված այդ բանաձևերն այդքան արդիական են, ինչպես ադրբեջանական կողմն է պնդում, ապա դրանք պետք է կարդալ ամբողջապես, ոչ թե հատվածաբար: Ես, իհարկե, դիվանագետ, կամ միջազգային իրավունքի մասնագետ չեմ. պարզապես, զուտ լրագրողական տեսանկյունից փորձեմ ներկայացրել, թե ինչ այլ կետեր կան նշված բանաձևերում: [img]https://st0.shamshyan.com/editor/061156800160464410440452.jpg[/img] 1993-ի ապրիլի 30-ին ընդունված թիվ 822 բանաձևը պահանջում է անմիջապես դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները և թշնամական ակտերը հուսալի հրադադար հաստատելու համար: (Քանի որ իմ թարգմանությունը կարող է ճշգրիտ չլինել, մեջբերում եմ բնագիրը. «Demands the immediate cessation of all hostilities and hostile acts with a view to establishing a durable cease-fire»): [img]https://st0.shamshyan.com/editor/0862838001604644140340163.jpg[/img] Իսկ նույն թվականի հոկտեմբերի 14-ին ընդունված թիվ 874 բանաձևը կոչ է անում տարածաշրջանի բոլոր երկրներին զերծ մնալ ռազմական գործողություններից և որևէ միջամտությունից, որը կարող է ընդլայնել կոնֆլիկտը և խոչընդոտել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը: («Urges all States in the region to refrain from any hostile acts and from any interference or intervention which would lead to the widening of the conflict and undermine peace and security in the region»): [img]https://st0.shamshyan.com/editor/0665776001604644178396387.jpg[/img] Նույն ձևակերպումը copy-paste է արվել նաև 1993-ի նոյեմբերի 12-ի թիվ 884 բանաձևում: Կրկնեմ, եթե այդ բոլոր կոչերն այս պահին արդիական են, ապա ցանկացած չնախապաշարված և ուղեղը չլվացած անձնավորություն աշխարհի ցանկացած անկյունից թող անկեղծորեն պատասխանի հարցին՝ արդյոք Ադրբեջանը և Թուրքիան կատարո՞ւմ են բանաձևերի պահանջները: Իհարկե, ես այնքան միամիտ չեմ, որ մտածեմ, թե ժամանակակից աշխարհում «միջազգային իրավունք» կոչվածը որևէ դեր է խաղում: Մասնավորապես, գերտերությունները երբեմն սրբացնում են այդ օրենքները՝ դրոշի նման թափահարելով նման փաստաթղթերով, երբեմն էլ՝ ոտի տակ են գցում այդ բանաձևերը՝ դրանք համարելով ընդամենը թղթի կտորներ: Արցախի, Կոսովոյի, Ղրիմի, Մերձդնեստրի. Արևելյան Թիմորի, Հարավային Սուդանի, Հարավային Օսիայի և Աբխազիայի իրար, մեղմ ասած, հակասող նախադեպերը այդ ամենի վառ վկայությունն են: Պակաս խոսուն չեն «արաբական գարունը» և դրան հետևած պետությունների փլուզումներն ու շարունակվող պատերազմները: Ակնհայտ է, որ աշխարհն ունի խաղի նոր կանոնների մշակման և դրանց միատեսակ կիրառման անհրաժեշտությունը: Բայց այս հարցում ես առանձնապես լավատես չեմ՝ իմ կյանքի օրոք դա տեղի չի ունենա: Մնում է սեփական իրավունքն ապահովել սեփական ուժով»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր