211652_close_icon
views-count2851 դիտում article-date 18:02 29-04-2026

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բախվել գազատար խողովակին․ 6 հոգի տեղում բուժօգնություն է ստացել․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Սիս-Սիփանիկ ավտոճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Գագիկ Ա․-ն իր վարած, Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վնասվել է նաև գազատար խողովակը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից ավտոբուսի 6 ուղևոր տեղում առաջին բուժօգնություն են ստացել, որոնցից մեկը, ով հղի կին է, տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ  Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի և դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արսեն Ասատուրյանը և Մարատ Մանուկյանը։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են տեղում բուժօգնություն ստացած և վիրավոր քաղաքացու ինքնությունը։

Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերությունների ներկայացուցիչները։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր