211652_close_icon
views-count594 դիտում article-date 23:53 31-10-2020

ԱԱՏՄ համաժամանակյա ստուգայցը Երեւանում անվտանգության կանոնների պահպանման բարվոք պատկեր է գրանցել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերջին երկու օրում ողջ Երևանում ուժեղացված ստուգայցեր է իրականացնում։ Համաժամանակյա ավելի քան 500 ստուգայցերն ապահովելու համար մեկտեղվել են ԱԱՏՄ գլխամասի, Երեւանի տարածքային կենտրոնի եւ մարզային որոշ ստորաբաժանումների մասնագիտական ուժերը։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ խնդիր է դրվել լայնածավալ ստուգայցի միջոցով ամբողջական պատկեր ստանալ մայրաքաղաքում տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Աշխատանքները համակարգել է ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանը։ Տեսչական ստուգայցերը Երեւանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի տարածումը կանխելու անվտանգության կանոնների պահպանման բարվոք պատկեր են գրանցել․ տնտեսավարողները հիմնականում հետեւում են ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով սահմանված նորմերին։ Հաճախակի արձանագրվող թերությունները հիմնականում ենթակա են տեղում շտկման, ինչի վերաբերյալ տեսչականի մասնագիտական խմբերը տրամադրում են խորհրդատվություն, մասնագիտական ուղղորդում եւ հրահանգում են անհապաղ վերացնել խախտումները։ Առավել կոպիտ եւ համակցված խախտումների դեպքում անմիջապես կազմվում եւ տրվում են հանձնարարագրեր՝ ողջամիտ ժամկետերում լրացնելու բացերը։ Երեկ խախտումներ եւ թերություններ ունեցող որոշ տնտեսավարողների մոտ այսօր ընթացել են կրկնակի ստուգայցեր։ Արձանագրվել է, որ ԱԱՏՄ մասնագետների դիտարկած բոլոր թերությունները վերացված են։ Առավել հաճախակի թերացումները նկատվել են մանրածախ առեւտրի կենտրոններում, գեղեցկության սրահներում, հյուրատներում։ Վերջիններից որոշների մասով կկիրառվի վարչարարություն, քանի որ արձանագրված խախտումներն անմիջական կապ ունեն եւ կարող են հանգեցնել վարակի անկառավարելի տարածմանը։ Երկօրյա աշխատանքների ընթացքում տեսչականի մասնագետներին տնտեսավարողները փոխանցել են իրենց մտահոգությունն առ այն, որ քաղաքացիների կողմից դիմակ չկրելու կամ ճիշտ չկրելու խնդիրը մտահոգում է նաեւ իրենց, ինչի պատճառով իրենք հաճախ ստիպված են չսպասարկել վերջիններիս։ Սա իր հերթին խնդրահարույց է եւ երբեմն դրա կանոնակարգումն իրենց ուժերից վեր է։ Տեսչական մարմինը հերթական անգամ խնդրում եւ հորդորում է հատկապես ռազմական դրության շրջանում ճշգրտորեն պահպանել սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները, կրել անհատական պաշտպանության միջոցներ, պահպանել սոցիալական հեռավորություն եւ հնարավորինս զերծ մնալ մարդկային կուտակումներից։ Ամուր ճակատ ունենալն ուղղակիորեն ենթադրում է առողջ թիկունք, իսկ դա ապահովելու համար անվտանգության նորմերի պահպանումն այլընտրանք չունի։ ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերն ամեն օր են եւ ամենուր։ Կարանտինի շրջանում՝ սեպտեմբերի 11-ից մինչ օրս, իրականացվել է ավելի քան 2000 ստուգայց։

Նմանատիպ նյութեր