1161 դիտում
15:25 26-09-2020
«Արմենիա» 4-րդ միջազգային փառատոնը երաժշտասերներին է ներկայացնում մեծահամբավ արտիստների
Երեւանում մեկնարկել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։ Երաժշտասերները հնարավորություն ունեցան ունկնդրելու Էռնեստ Շոսսոնի Պոեմը ջութակի և նվագախմբի համար, Ալեքսեյ Շորի «Ուրվականներ» ջութակի կոնցերտը եւ «Ճանապարհորդական նոթատետր» դաշնամուրի կոնցերտը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունեցել Հարվարդի համալսարանի Ռոբերտ Լեւինի մրցանակի առաջին դափնեկիր, Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթի դափնեկիր, Տիբոր Վարգայի անվան ջութակահարների միջազգային մրցույթի հաղթող, Մենուհինի անվան մրցույթի ամենաերիտասարդ դափնեկիր Ստելլա Չենը եւ դաշնակահար Դենիս Կոժուխինը։ Վերջինս, 23 տարեկանում դառնալով Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթի դափնեկիր, իր հաստատուն տեղն է գրավել մեր ժամանակի լավագույն դաշնակահարների շարքում։
Համերգը ղեկավարում էր Դմիտրի Յաբլոնսկին։ Մաեստրո Յաբլոնսկին «Գրեմմի» մրցանակի նոմինացված թավջութակահար եւ դիրիժոր է։ Ելույթ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում՝ «Քարնեգի հոլ», «Լա Սկալա», Տոկիոյի Opera City համերգասրահ, Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ, Ելիսեյան դաշտերի թատրոն եւ այլն։ Յաբլոնսկին համագործակցել է աշխարհահռչակ այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Մոնսերատ Կաբալյեն, Ռոբերտո Ալանիան, Օլգա Բորոդինան եւ այլք, ղեկավարել է աշխարհի շուրջ 50 նվագախումբ։
Մաեստրո Յաբլոնսկին կարեւորում է սիմֆոնիկ նվագախմբի եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախաձեռնած «Արմենիա» փառատոնը։
«Երբ բոլորը մի կողմ են քաշվել, փակել սահմանները, չեղարկել են մեծ թվով համերգներ, փառատոներ, Հայաստանում անցկացվում է այս փառատոնը...»,- ասում է դիրիժորը։
Խոսելով Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի հետ համագործակցության մասին՝ նկատում է, որ հիմնադրամի նախագահ Կոնստանտին իշխանովի հետ ծանոթացել է տարիներ առաջ Ռիգայում, երբ որպես ժյուրիի անդամ մասնակցում էր մերձբալթյան այդ քաղաքում անցկացվող թավջութակահարների մրցույթին.
«Այնտեղ էլ Իշխանովի հետ զրույցի ընթացքում միտք ծագեց Իսրայելում անցկացնել փառատոն։ Նրանք հարգանքի արժանի աշխատանք են կատարում. ամբողջ աշխարհում մեծամասշտաբ երաժշտական նախագծեր են իրականացնում, ինչը գնահատելի է»։
Անդրադառնալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությանը՝ Յաբլոնսկին նշում է, որ առաջին անգամ չէ հանդես գալիս նվագախմբի հետ. «Հրաշալի մթնոլորտ է տիրում կոլեկտիվում։ Դիրիժորը, որպես կանոն, զգում է իր առջև նստած երաժիշտներին, կարող եմ ասել, որ այստեղ հրաշալի մարդիկ են»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-28-ը Երևանում անցկացվում է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։ Կազմակերպիչներն են Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, համակազմակերպիչները՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, «Դասական Հայաստան» մշակութային ՀԿ-ն։ Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Այս օրերին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է սիմֆոնիկ ևս երեք համերգ եւ մեկ մենահամերգ, որոնք նաեւ կհեռարձակվեն առցանց տիրույթում։
Նմանատիպ նյութեր
1550 դիտում
23:16 25-09-2020
«Արմենիա» 4-րդ միջազգային փառատոնը երաժշտասերներին է ներկայացրել մեծահամբավ արտիստների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5882 դիտում
13:56 22-06-2018
«Արմենիա» միջազգային փառատոնը Հայաստան է հրավիրում մեծահամբավ երաժիշտների
3271 դիտում
22:37 04-10-2021
«Արմենիա» միջազգային փառատոնը Երևանում է հյուրընկալում մեծահամբավ երաժիշտների
Այս բաժնից
781 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին