211652_close_icon
views-count5724 դիտում article-date 21:56 21-09-2020

Մոտենում է սուր շնչառական վարակների սեզոնը. Վանյանը հորդորեց COVID-19-ի հարցում չկորցնել զգոնությունը

Հայաստանում մոտենում է օդակաթիլային վարակների սեզոնը, սպասվում է սուր շնչառական վարակների, այդ թվում նաև՝ COVID-19-ի ավելի ակտիվացում. քաղաքացիները զգոնությունը չպետք է թուլացնեն, միայն առողջապահական համակարգով հնարավոր չէ նվազեցնել դեպքերը: [url=https://armenpress.am/arm/news/1028334.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգեկման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արտավազդ Վանյանը: «Հիվանդության դեպքերի նվազեցման հարցում, իհարկե, ՀՀ քաղաքացիները մեծ դեր ունեն: Առանց կանոնների պահպանման, միայն առողջապահական համակարգով հնարավոր չի լինի այս հիվանդությունը նվազեցնել: Այն միջոցառումները, որոնք արվում են, արվում են միայն զուտ կանխարգելման նպատակով: Ես հուսով եմ, որ մոտ ապագայում պատվաստումների միջոցով մեզ հնարավորություն կընձեռնվի հաղթահարել վիրուսը»,-ասաց Վանյանը: Պաշտոնյան կրկին հորդորեց քաղաքացիներին զգոնությունը չթուլացնել: Նա նկատեց՝ մոտենում է սեզոնը՝ օդակաթիլային վարակների հետ կապված: «Եվ սուր շնչառական վարակների, և COVID-19-ի ավելի ակտիվացում է սպասվում: Դրա համար հորդորում ենք բացարձակապես չթուլացնել և պահպանել կանոնները: Միայն պահպանելով մենք կարող ենք ոչ թե հաղթահարել, այլ ուղղակի դիմակայել, որպեսզի տարածումը և աճը կտրուկ չլինի»,-նշեց նա: Անդրադառնալով «Արմենպրես»-ի հարցին, թե արդյոք Հայաստանում աշնանը մեծ բռնկում կլինի, կհասնե՞նք պիկին, թե՞ ոչ՝ Վանյանը պատասխանեց. «Մեր ձեռքում է: Եթե իրոք պահպանենք կանոնները, ես վստահեցնում եմ՝ չենք հասնի դրան: Եթե 300-հոգանոց հարսանիք ենք անելու և խախտելու ենք կանոնները, իհարկե, շատ արագ կտարածվի»: Խոսելով դպրոցների բացման հետ կապված դեպքերի հնարավոր ավելացման մասին՝ նա հիշեցրեց, որ բոլոր ուսուցիչները թեստավորում են անցում: «Եվ դիտարկումներ ենք անում, եթե դպրոցներում կնկատենք բարձրացում, իհարկե, լրացուցիչ քննարկման առարկա կդառնա դա: Բայց այսօր այդ խնդիրը չկա, և ամբողջությամբ հսկողության ներքո է գտնվում»,-ասաց Վանյանը: Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արտավազդ Վանյանին սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի առիթով պարգրատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: «Առաջին երեք-չորս ամիսը, ինչպես համակարգի շատ բժիշկներ, այնպես էլ ես, եղել է օրեր, որ ընդհանրապես մեր ընտանիքի անդամներին չենք տեսել: Բայց, դա մեր աշխատանքն է, մենք պարտավոր ենք դա իրականացնել»,-նշեց Վանյանը:

Նմանատիպ նյութեր