211652_close_icon
views-count1682 դիտում article-date 11:22 05-09-2020

ՀՀ Պաշտպանության նախարարի ելույթը ԱՊՀ, ՇՀԿ և ՀԱՊԿ անդամ պետությունների ՊՆ ղեկավարների համատեղ նիստում

Հարավկովկասյան տարածաշրջանում վերջերս նկատվում է հակասությունների սրում, ինչը որոշ երկրների հավակնությունների ընդլայնման հետևանք է։ Այս մասին երեկ, սեպտեմբերի 4-ին, Մոսկվայում ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստում հնչեցրած [url=https://mil.am/files/LIBRARY/2020-09-04%20%D5%80%D5%80%20%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%20%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%AB%20%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9%D5%A8.pdf]ելույթում[/url] ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Մեր տարածաշրջանում դինամիկ զարգացող ռազմաքաղաքական իրադարձությունները կարելի է բնութագրել որպես աշխարհաքաղաքական շահերի հակամարտություն, որի առանցքային գործոնն անվտանգության ընդհանուր տեսլականի, ինչպես նաև ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն է: Տարածաշրջանային հակամարտությունները ուժային լուծում չունեն, և Հայաստանի համար անընդունելի է թե ռազմական հռետորաբանությունը, թե այդ հակամարտություններում նոր պետությունների ներգրավման փորձերը՝ հետագայում տարածաշրջանում իրավիճակի սրմամբ»,- նշել է Տոնոյանը։ Նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանում ռուսական ներկայությունը, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական համագործակցության խորացումը կարևորագույն զսպող գործոն են, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանմանը։ Տոնոյանի խոսքով՝ ՀՀ ռազմավարական շահերի ոլորտի տիրույթում է ոչ միայն կովկասյան տարածաշրջանը, այլ ՀԱՊԿ պատասխանատվության ողջ գոտին, ինչպես նաև Մերձավոր Արևելքն ու Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանը։ Ելնելով դրանից՝ Հայաստանը շահագրգռված է նշված տարածաշրջաններում խաղաղության և կայունության պահպանմամբ։ «Ստեղծված պայմաններում առանձնահատուկ կարևորություն է ստանում բազմակողմ պաշտպանական համագործակցության հետագա խորացման և ընդլայնման հարցը, ընդ որում, առաջին հերթին ԱՊՀ-ն, ՇՀԿ-ն եւ ՀԱՊԿ կազմակերպությունների, որոնց անդամ են մեր պետությունները», - ընդգծել է նախարարը։ «Մեր աշխարհն ավելի փոխկապակցված է դարձել, ցանկացած անկայունություն այս կամ այն տարածաշրջանում հղի է բացասական հետևանքներով ամբողջ աշխարհում։ Այլ կերպ ասած՝ ժամանակակից պայմաններում տարածաշրջանային անվտանգությունն անհնար է ապահովել «ինքնավար կերպով»՝ գլոբալ անվտանգության համակարգի շրջանակներից դուրս։ Տարածաշրջանային ցանկացած խնդիրների սրումը ամենաուղղակի կերպով ազդում է ընդհանուր միջազգային անվտանգության վրա։ Դա վերաբերում է ոչ միայն ռազմաքաղաքական հարցերին, այլև պանդեմիային, որը, ինչպես ցույց տվեց երկրների մեծամասնության փորձը, վերաճեց անվտանգության համընդհանուր խնդրի»,- ասել է Տոնոյանը։ Նախարարն ընդգծել է, որ միջազգային հանրության գլխավոր խնդիրը կայուն խաղաղության կառուցումն է, որը հիմնված է տարածաշրջանային աշխարհաքաղաքական հավակնություններ պարտադրելու միջոցով անկայունության նոր օջախների ստեղծումը բացառելու վրա։ «Մենք ելնում ենք նրանից, որ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների՝ առանց շեղումների պահպանումը առանցքային դեր է խաղում հակամարտությունների կանխման գործում։ Հայաստանի Հանրապետությունը մշտապես հանդես է եկել միջազգային իրավունքի և ազատ ընտրության իրավունքի, ողջամիտ գլոբալիզացիայի և միջազգային անվտանգության ճարտարապետության նորմերի համարժեք կիրառման օգտին։ Այդպիսով՝ հիմնվել ենք քաղաքականությունից և մաքսիմալիստական մոտեցումներից, ինչպես նաև ատելության հռետորաբանությունից և ռազմատենչ հայտարարություններից զերծ մնալու վրա»,- նշել է Տոնոյանը: [url=https://shamshyan.com/hy/article/2020/09/04/1163843/]Ավելի վաղ հայտնել էինք[/url], որ սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության /ՇՀԿ/ և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին: Նիստի բացման խոսքում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է, որ նման ձևաչափով հանդիպում առաջինն է և վստահություն հայտնել, որ միջազգային ռազմական համագործակցությունն այս հանդիպումից հետո առավել կակտիվանա, իսկ նիստի արդյունքները կնպաստեն գերատեսչությունների փոխգործակցության խորացմանը:

Նմանատիպ նյութեր