211652_close_icon
views-count2181 դիտում article-date 14:56 15-10-2021

Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում անդրադարձել է ռազմագերիների հարցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ղարաբաղյան պատերազմի դադարեցմանն ուղղված 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որը վերաբերում է գերիների վերադարձին, ամբողջությամբ չի կատարվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ Ադրբեջանը դեռ չի վերադարձրել բոլոր ռազմագերիներին, գերիներին և այլ պահվող անձանց:

«Սա զուտ հումանիտար հարց է, և մենք հույս ենք հայտնում, որ խնդիրը շուտափույթ կլուծվի: Այդ համատեքստում ցանկանում ենք վստահեցնել, որ Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել ականապատ այն տարածքների քարտեզները Ադրբեջանին տրամադրելու գործընթացը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում ու իրենցից ներկայացնում են հումանիտար սպառնալիք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ կան այլ գործոններ ևս, որոնք բացասաբար են ազդում առանց այն էլ տարածաշրջանում առկա լարված իրավիճակի վրա: Նիկոլ Փաշինյանը խորհրդի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի մայրաքաղաքում բացված ռազմական պուրակի վրա:

«Այնտեղ այսպիսի պրակտիկա կար, այցելուները «հիանում էին» գերի վերցված, սպանված հայ զինվորներին պատկերող մանեկեններով: Այնտեղ կազմակերպվում էր էքսկուրսիա աշակերտների համար, որոնք հպարտությամբ հրապարակում էին իրենց ինքնանկարները սոցիալական ցանցերում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար կարևոր է սահմանազատումն ու սահմանագծումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Հայաստանը պատրաստ է սկսել այդ գործընթացը և այդ հարցում ակնկալում է Ռուսաստանի և այլ միջազգային գործընկերների աջակցությունը:

«Դժվար է պատկերացնել սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները սահմաններին, որոնք վերջերս խախտել է Ադրբեջանը, որտեղ, գրեթե կանոնավոր կրակոցներ են: Մասնավորապես, ես նկատի ունեմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային այն հատվածը, որն անցնում է Սոթք-Խոզնավար հատվածով: Մենք բազմիցս առաջարկել ենք այդ հատվածում կատարել զինված ստորաբաժանումների հայելային հետքաշում՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագիծը՝ իրավաբանորեն հիմնավորված և ամրագրված Խորհրդային Միության քարտեզներով: Այդ սահմանային երկայնքով կարող են տեղակայվել ռուս սահմանապահներ կամ միջազգային դիտորդներ: Այդ սխեման ունի Ռուսաստանի աջակցությունը, և մենք սպասում ենք աշխատանքների վերսկսմանն այդ ուղղությամբ: Հարգելի գործընկերներ, իհարկե, գլխավոր հարցը մնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը: Դրա համար մենք կարևոր ենք համարում բանակցային գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում»,- ասաց ՀՀ վարչապետը:

 Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ համանախագահները վերջին ամիսներին բազմիցս ընդգծել են ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորմանն ուղղված բանակցությունների վերականգնման անհրաժեշտությունը: Նա նշեց, որ կարևոր քայլ կլինի համանախագահների տարածաշրջան, Լեռնային Ղարաբաղ սպասվող այցը:

«Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է աշխատել իմ կողմից նշված բոլոր ուղղություններով: Մենք վստահ ենք, որ այդ բոլոր խնդիրների իրականացումը կապահովի էական առաջընթաց տարածաշրջանում կայուն խաղաղության համար: Եվ ուզում եմ նկատել, որ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թուրքիայի հետ երկխոսության սկսումը ևս մեկ գործոն է, որը կարող է այս հարցում կատալիզատորի դեր տանել: Այս համատեքստում նշեմ, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստակամություն է հայտնել ամբողջությամբ աջակցելու այդ պրոցեսին»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր