Հոլանդացի 29-ամյա գրող Մարիկա Լուկաս Ռեյնեվելդը արժանացել է Բուքերյան մրցանակի
Նիդեռլանդներից 29-ամյա Մարիկա Լուկաս Ռեյնեվելդը դարձել է Բուքերյան միջազգային մրցանակի (Booker International Prize)՝ պատմության մեջ ամենաերիտասարդ դափնեկիրը։ Մրցանակը Ռեյնեվելդին, որը սիրում է, երբ իրեն դիմեն «նրանք» դերանվամբ, շնորհվել է իր The Discomfort of Evening («Անհարմար երեկո») դեբյուտային վեպի համար, գրում է [url=https://www.theguardian.com/books/2020/aug/26/marieke-lucas-rijneveld-wins-international-booker-for-the-discomfort-of-evening]The Guardian[/url]-ը։
Ռեյնեվելդի գիրքը պատմում է Յաս անունով աղջկա մասին, որն ապրում է Նիդեռլանդների ֆերմայում՝ ուղղափառ քրիստոնյաների ընտանիքում։ Նրա ավագ եղբոր անհետանալուց հետո աղջիկը նկարագրում է, թե ինչպես է իր վշտահար ընտանիքը սկսում մասնատվել ու քայքայվել։
Գիրքն անգլերեն թարգմանել է Միշել Հաթչինսոնը։ Բուքերյան միջազգային մրցանակի կանոնների համաձայն՝ դրամական պարգևը՝ 50 հազար ֆունտ ստեռլինգ (65 հազար դոլար), բաժանվում է հեղինակի և թարգմանչի միջև։
Բուքերյան միջազգային մրցանակն ամեն տարի հանձնվում է Մեծ Բրիտանիայում կամ Իռլանդիայում անգլերեն լեզվով հրատարակված օտարերկրյա հեղինակի ստեղծագործության համար: Այս տարի այն անցկացվել է առցանց։
Բուքերյան միջազգային մրցանակի համար այս տարի մրցել է վեց հեղինակ՝ Արգենտինայից, Գերմանիայից, Իրանից, Նիդեռլանդներից, Մեքսիկայից և Ճապոնիայից: