211652_close_icon
views-count487 դիտում article-date 11:54 30-09-2026

Այսօր գրող, բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր Գևորգ Էմինի ծննդյան օրն է․ ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, գրող, բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր Գևորգ Էմինի ծննդյան օրն է։

Կենսագրություն

Գևորգ Էմինը (Կառլեն Մուրադյան) ծնվել է 1918 թվականի սեպտեմբերի 30-ին Աշտարակ գյուղում, ուսուցչի և այգեպանի ընտանիքում։ Իր «Իմ կյանքը» ինքնակենսագրականում գրել է, որ Աշտարակ քաղաքը համարում է «Հայաստանի սիրտը» և առանձին հպարտությամբ իրեն կոչել է «աշտարակեցի Գևորգ»։

1940 թվականին ավարտել է Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին բախտ է ունեցել շփվել իր կուռքի՝ Եղիշե Չարենցի հետ և նրանից ստացել է որոշ բանաստեղծական դասեր։ 1940-1942 թթ. աշխատել է Մատենադարանում և Վարդենիսի շրջանում։ 1942-1944 թթ.-ին ծառայել է Կարմիր բանակում՝ մասնակցելով Հայրենական Մեծ պատերազմին, որի ժամանակ վիրավորվել է։ 1949-1950 թվականներին սովորել է Մոսկվայի գրական ինստիտուտին կից հայ գրողների ստուդիայում։ 1951-1954 թվականներին եղել է «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակիցը Հայաստանում։ 1954-1956 թվականներին ուսանել է ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացներում։ 1968-1972 թվականներին եղել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիրը։ 1973 թվականից որպես ավագ գիտաշխատող աշխատել է ՀԽՍՀ Արվեստի ինստիտուտում։

Գրել է «Նախաշավիղ», «Խաղաղության ծխամորճը», «Նորք», «Նոր ճանապարհ», «Որոնումներ», «Երևանի լույսերը», «Մինչև այսօր», «Երկու ճամփա», «Այս տարիքում», «Քսաներորդ դար», «Յոթ երգ Հայաստանի մասին», «Ելք Եգիպտոսից» բանաստեղծությունների, պոեմների և ակնարկների գրքերը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, լատիշերեն, լեհերեն, վրացերեն, կորեերեն, ուզբեկերեն, բելառուսերեն, ադրբեջաներեն, անգլերեն, ավարերեն, բուլղարերեն, արաբերեն, չեխերեն, հունգարերեն, լիտվերեն և այլ լեզուներով։ ԽՄԿԿ անդամ 1953 թվականից։

Հայֆիլմ կինոստուդիան նրա սցենարով նկարահանել է «Յոթ երգ Հայաստանի մասին» կինոնկարը, որն արժանացել է անդրկովկասյան և ուկրաինական ֆիլմերի երևանյան փառատոնի գլխավոր՝ «Պրոմեթևս - 69» և Լենինգրադյան համամիութենական փառատոնի երկրորդ մրցանակներին։ Երևանի էքսպերիմենտալ թատրոնը բեմադրել է նրա բանաստեղծությունների մոտիվներով ստեղծված «Անձրևի երաժշտություն» դրաման։

Գ. Էմինը հայերեն է թարգմանել այլազգի հեղինակների, որոնցից լավագույնները ամփոփված են «Գիրք թարգմանությանց» (Երևան, 1984 թ.) գրքում։ Գևորգ Էմինը մահացել է 1998 թ. հուլիսի 11-ին Երևանում։

Ստեղծագործություններ

1940 թվականին տպագրվել է բանստեղծի առաջին գրքույկը՝ «Նախաշավիք» խորագրով։ Բանաստեղծությունների նյութը ուսանողական կյանքի ապրումներն էին՝ հավատարմության խոսքեր սիրած աղջկան, զվարթ կատակներ և սրամիտ պարադոքսներ ուսման վերաբերյալ։ 1942 թվականին տպագրվել է «Խաղաղության ծխամորճը» գիրքը։

Գևորգ Էմինի ստեղծագործական ճանապարհի առաջին նշանակալից դրվագն է «Նորք» ժողովածուն։ Այն ստեղծվել է պոեզիայի համար անբարենպաստ ժամանակներում և ընկել է սուր քննադատությունների զարկի տակ։

 
Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում, -
Այստեղ ամեն գագաթ ու ձոր,
Արձագա՛նք է տալիս հզոր
Եվ քո խոսքը հեռո՜ւ տանում...

Թե բարի են խոսքերը քո,
Հայոց լեռներն ակնածանքով
Կխոնարվե՜ն քո դեմ լռին`
Բաշը քսած քո ձեռքերին:

Իսկ թե չար են` լեռները մեր,
Հրաբխի բնե՛րն անմեռ,
Որ լռել են, բայց չե՛ն հանգել,
Քեզ լավայո՛վ կարձագանքեն,
Որ լեռնե՛ր է քշում-տանում...

Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում...

Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում, -
Նե՜ղ են ճամփեքը լեռնական,
Երկու հոգու տեղ չեն անում,
Թե դեմ-դիմաց ելնեն հանկարծ.
Թե բարեկամ ես ու ընկեր,
Ա՜նց կկենաք իրար գրկած,
Թե դավով ես այստեղ ընկել,
Կգլորվես ժայռերից ցած.
Ո՞վ եղավ քո գալու վկան,
Գնալըդ ո՞վ է իմանում...

Նեղ են ճամփեքը լեռնական,

Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում:
Զգո՜ւյշ գործիր Հայաստանում, -

Մենք գահ ու թագ չե՛նք ունեցել,
Եվ... արքա՛ է ամեն մի հայ,
Զորք ու բանակ չենք ունեցել,
Եվ... սպա է ամեն մի հայ.

Ամեն մի հայ` լեռան մի ծերպ,
Ամեն մի հայ` ուրույն մի կերպ,
Ամեն մի հայ` մի Հայաստան
Բաժան-բաժան,
Անմիաբան,
Զատվա՜ծ, հատվա՜ծ,
Եվ սակայն` մի`
Երբ սպառնում է թշնամին
Մեր դարավոր անմահ երթին
Եվ այս ժայռին թառած բերդին,
Որ Հայրենիք ենք անվանում...

Զգո՜ւյշ գորցիր Հայաստանում:

 
ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ ՊԱՐԸ

Իրինդցի Ափո Գալուստի հիշատակին...

Դու ծանո՞թ ես Աշնակ գյուղին,
Ուր ծիրանն է հասնում ճյուղին,
Ուր կտրին չիրն է քաղցրանում,
Ուր հոտը սարն է բարձրանում.
Ուր, փեշի տակ Արագածի,
Տան կտրին նստած հացի,
Ձա՜յն են տալիս իրար հերթով
Եվ գյուղամեջ գալիս խմբով,
Աղջիկները՝ կարմիր հագած,
Տղաները՝ փուշի կապած.
Երբ զուռնան իր ձայնը զլում՝
Դափի բերնից խոսքը խլում,
Աշնակ գյուղից հյուր է կանչում
Շղարշիկին ու Աղաքչուն,
Կաթնաղբյուրին, Դավթաշենին,
Իրինդին ու Սասնաշենին,
Թե՝ հերի՜ք է հնձե՛նք, վարե՛նք,
Եկեք Սասնա պա՜րը պարենք:

... Թող Սասունն իր պարը պարի,
Իսկ դու դեռ մի՛ ծափահարի.
Այլ հասկացի՛ր, թե այս պարով՝
Մերթ Անդոկից գրոհ տալով,
Մերթ գաղթելով սար ու քարով,
Մեկ խնդալով ու տաս լալով,
Սասունը քեզ ի՛նչ է ասում...
Հեյ վա՜խ, Աշնա՛կ տեսած լաո,
Թե տեսնեիր մի օր Սասո՜ւն...

Սասնա սարեր՝ մեջ ամպերուն,
Սասնա ջրեր՝ մեջ վիհերուն,
Ամեն սարին՝ մի վանք ու բերդ,
Ամեն ջրին՝ ջաղացի հերթ,
Ամեն քարից ջո՛ւր էր գալիս,
Աչքն ո՜ւր թեքվեր՝ դո՜ւր էր գալիս.
Երկնուց իջնում էր մանանա՛...
Ի՜նչ մանանա`
________լավ մահանա՜, -
Որ Սասունցի հարս ու աղջիկ,
Դաշտ իջնեին խունջի՜կ-մունջի՜կ,
Գազպայի տեղ՝ նա՜զ քաղեին,
Հոտաղ տղի սիրտ դաղեին.
Որ հայրական հին տան կողքին,
Անտառի մեջ, ժայռի գոգին,
Մի նոր քողտի՛կ ավելանար,
Մի խորոտիկ հա՛րս մայրանար,
Նոր օրորո՛ց գնար ու գար.
Բարին լինե՛ր, չարը՝ չգա՜ր...

Հեյ վա՜խ, Սասնա բանձրի՜կ սարեր,
Հեյ վա՜խ, Սասնա քաղցրի՜կ ձորեր.
Զուռնան էսօր թե նվագեր՝
Եկող ամռան կարձագանքեր
Սասնա ամեն թուփ ու քարից.
Ու թե դհոլն էսօր թնդար,
Մինչև աշուն, առանց դադար,
Ամեն գիշեր ու ամեն օր
Ժեռ-ժեռ քարեր Անդոկ սարից
Ցա՜ծ կիջնեին գլոր-գլոր...

Բարին լինե՛ր, չարը չգա՜ր...
Բայց թե լինես միայն մի բուռ,
Դու սի՛րտ լինես՝ չորս կողմը՝ քա՜ր,
Չարը՝ հզոր, իսկ դու՝ տկար,
Աղո՛թք անես թե խաչհամբո՛ւյր,
Չարի ձեռքից պրծում չկա՜...

Եվ դեռ «գաթեք թոնիրն ի կախ»,
Եվ, դեռ հարբա՜ծ՝ փեսա, աներ,
Մինչև մերիկն ասեր «հեյ վա՜խ»,
Փեսան գոմից բերդա՛ն հաներ,
Զուռնեն չոլում ընկած մնա՜ց,
Դափը՝ գլոր-գլոր գնա՜ց,
Ինչհայո՛ց էր, դարձավ վայո՜ց,
Գիրկն ու ծոցը` գերեզմանոց,
Իսկ ով ողջ էր՝ սարերն ընկած,
Գերանդու տեղ բերդա՛ն գրկած,
Մեկ ապրելով, տաս մեռնելով,
Մեկ զարկելով, տաս զարկվելով,
Թողի՜ն Սասնա զմրուխտ սարեր,
Դավթի ջաղացն ու իր քարեր,
Եկա՜ն ռուսի հո՛ղը հասան,
Բայց, էստե՛ղ էլ կռիվ տեսան, -
Տեսան ավե՜ր ու կոտորա՜ծ,
Եվ ի՜նչ մնաց... մի Սասնաշեն,
Մի Բազմաբերդ ու Դավթաշեն,
Մի Կաթնաղբյուր ու Աղաքչի,
Մի բուռ Իրինդ ու Շղարշիկ
Եվ մի Աշնակ՝ չոլում կորա՜ծ...

Հեյ վա՜խ, Մշո սրսո՛ւռ հողեր, -
Դե՛, քա՛ր մաղի, որ հո՜ղ դառնա.
Հեյ վա՜խ, Սասնա զուլա՛լ ջրեր,
Դե՛, ձյո՛ւն հալի, որ ջո՜ւր դառնա.
Հե՜յ Աշնակա չոլ ու ղռեր՝
Աշնակն ինչպե՞ս Սասուն դառնա...

Եկա՜ն, դրին քարը քարին՝
Դուշմանն եկավ խառնեց իրար.
Ողջ ու մեռել ջոկ-ջոկ արին՝
Դուշմանն եկավ խառնեց իրար.
Մինչև արյունը թանձրացավ,
Կարմիր գույնի դրոշ դարձավ,
Մինչև մանգաղն ելավ հողից,
Մուրճը պոկվեց սալի կողից,
Ու երկուսն էլ, եղբոր նման,
Այդ դրոշի վրա ելան
Ու նոր արև ծագեց հողին,
Հող վարողի՛ն, հող սիրողի՛ն:

Մինչև նորից օջա՛խ դրին՝
Ծուխը սողա՜ց.
Մինչև նորից տաք թոնիրին
Բոցը շողա՜ց.
Մինչև նորից, խունջի՜կ-մունջի՜կ,
Դաշտ գնացին հարս ու աղջիկ,
Որ աղցան ու սիբեխ քաղեն,
Հոտաղ տղի սիրտը դաղեն,
Հոր արտի մոտ նոր արտ վարեն,
Արթիկ տուֆից նոր պատ շարեն,
Մի նորելուկ հա՛րս մայրանա,
Մի նոր թոնրի ծո՛ւխ բարձրանա,
Նոր օրորո՛ց գնա ու գա,
Բարին՝ տևի՛, չարը չգա՜...

...Եվ երբ տեսան, էլ չարորդին մոտ չի՜ գալիս,
Եվ երբ տեսան՝ էլ վառոդի հոտ չի՜ գալիս,
Եվ երբ տեսան՝
Էլ չի՜ թափվում հողին արյուն,
Եվ երբ տեսան՝
Եկավ աշուն, եկավ գարուն,
Առանց ահի՛, կոտորածի՛,
Բա՜ց արեցին սուփրեն հացի,
Զուռնեն խոսե՜ց բերանացի
Եվ Արագած լեռան գոգին
Զարթնե՜ց կրկին Սասնա ոգին...

Եվ Սասունը նորի՜ց պարեց,
Ոտքը զարկեց, ձեռքով արեց,
Եվ նույն զուռնա՛ն, որ հնչում էր հին տան բակում,
Հնչեց հիմա ամե՜ն գյուղում ու քաղաքում.
Իսկ դհո՛լը, որ քարե՛ր էր պոկում սարից՝
Ծափե՜ր պոկեց ամեն ազգից ու աշխարհից...

Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացավ,
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացավ,
Որ երբ նազո՜ւմ են աղջիկներն ու կռանում՝
Սասնա ձորից ջո՜ւր են բերում, ա՛րտ քաղհանում.
Երբ ոտքի տակ տղաների հո՛ղն է թնդում՝
Հոտաղները Սասնա սարում գա՜յլ են խեղդում.
Երբ խռնվում՝ ասես ամպրո՜պ պայթի սարում՝
Այդ ոսո՛խն է նրանց գյուղերը պաշարում.
Երբ միանում՝ բե՛րդ են դառնում շինված քարից՝
Այդ ոսոխին ե՜տ են քշում Անդոկ սարից.
Իսկ երբ ձեռքը ձեռքին զարկում, ծա՛փ են տալիս՝
Մահվան վիհից դեպի կյանքի ա՜փ են գալիս...

Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացա՜վ,
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացա՛վ,
Որ պա՛ր չէ սա, այլ՝ մի երկրի հի՜ն պատմություն,
Ուր պարտությո՜ւնն անգամ ունի հպարտությո՛ւն,
Եվ չի՜ հաղթի ոչինչ այն քա՜ջ ժողովրդին,
Որ այս ջանքո՛վ
Ու այս կամքո՛վ
Պարե՜լ գիտի...
Հասկացա՛ն ու ասին ի լուր ողջ աշխարհի,
-Հալա՜լ է քեզ,
Սասո՛ւն, պարի՜...

Պարի՜,
Դու դեռ երա՜զ ունես կատարելու,
Վրե՜ժ ունես պատմությունից դեռ հանելու.
Պարի՜,
Գազպան դեռ քո ձեռքի՜ն է կարոտում,
Սասնա հողը վար ու հերկի՜ է կարոտում.

Պարի՜,
Մինչև ո՜ղջ հայերին դու ամբարե՛ս,
Եվ այս պարը
Մասիս լեռան լանջի՜ն պարես...

1957
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր