211652_close_icon
views-count16617 դիտում article-date 01:17 13-08-2020

Այդ տղաները լրագրողական պարտականություն չեն կատարել, սահմանադրական իրավունք են խախտել․ թռչող սարքն ուղղակի իջեցրել են իմ բակ․ Վլ․ Գասպարյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների մասին

«Ազատություն» ռադիոկայանի նախագահի հայտարարությունը ես ճնշում եմ դիտում: Նա պետք է իրազեկված լիներ, որ նրանք՝ այդ տղաները, լրագրողական պարտականություն չեն կատարել, այլ կատարել են ոտնձգություն, Սահմանադրական իրավունք են խախտել, այսինքն՝ թռչող սարքն ուղղակի իջեցրել են իմ բակ, ինձնից 10-15 մ բարձրության վրա և տևական ժամանակ», - «Պրեսսինգ» հեղինակային հաղորդաշարի եթերում ասաց ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը: Նախկին ոստիկանապետը նշեց, որ առաջին բանը, որ մտածել է, այն էր, որ սա, հնարավոր է՝ ահաբեկչական գործողություն լինի, քանզի ինքն ունի բոլոր հիմքերն այդպես մտածելու: «Ես արագ իմ տեխնիկայով դուրս եմ եկել բակից: Իմ դուրս գալու ժամանակ թռչող սարքը նույնպես դուրս է եկել: Ես նկատեցի, որ այն շարժվում է դեպի վերև: Բնական է, գնացի այդ ուղղությամբ: Ճանապարհին տեսել եմ 2 կանգնած մեքենաներ, նրանց կողքին՝ 5, 6, 7 տղաներ, անցել եմ նրանց կողքով, կվադրոցիկլով մոտեցել եմ նրանց, իրենք շրջվել են, և ես տեսել եմ մեկի ձեռքին պուլտ: Հարցրել եմ՝ տղա ջան, ի՞նչ է սա, ասել է՝ պուլտ»,- ասաց նախկին ոստիկանապետը: Նրա խոսքով՝ երբ ինքը մոտեցել է այդ տղաներին ու հասկացել, որ դա այն կոնտինգենտը չէ, որ ինքն ահաբեկչության մասին մտածի, ինքը մտածել է, որ դա կարող է լինել սադրանք, ու դրան պատրաստ է եղել: Գեներալ-գնդապետը նկատեց, որ դրոնն այնքան մոտ է եղել, ուղիղ իր գլխավերևում, որ ինքը սկզբից մտածել է, թե ճանճ է: «Մի 13-14 մետր բարձրության վրա էր: Իդեալական է՝ ահաբեկչական ակտ կատարելու համար: Եվ կարծում եմ, վաղուց արդեն ժամանակն է՝ թռչող սարքերի վերաբերյալ օրենք ընդունել: Որովհետև էդ «դուխը», որ կա, բերել է նրան, որ «Ազատության» պատկառելի ղեկավարն իր աշխատակիցներին չի սովորեցնում, թե որտեղ են վերջանում իրենց իրավունքներն ու սկսվում պարտականությունները: Սելը ճռռալու տեղ սելվո՞րն է ճռռում…»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը: Նա նշեց, որ փաստաբանին հանձնարարել է հայցադիմում պատրաստել, և, որ միջնորդելու են այս փաստի հետ կապված քրեական գործ հարուցել: Վլադիմիր Գասպարյանի խոսքով՝ ոչ միայն լրագրողները տարբերանշանով չեն եղել, այլև իր մի քանի հարցերից հետո նոր պատասխանել են՝ ովքեր են իրենք, և ոչնչով դա չեն ապացուցել: «Ես իրենց ասել եմ՝ երբ դուք թռչող սարքեր եք ուղարկում, մտածեք, որ վաղը միգուցե ուղղաթիռներ գան իրենց հետևից»,- նշեց նախկին ոստիկանապետը:

Նմանատիպ նյութեր