9725 դիտում
18:56 01-08-2020
Ձերբակալվածին ստիպում են Արթուր Վանեցյանի դեմ ցուցմունք տալ. նրա կնոջը մինչեւ կեսգիշեր պահել են ԱԱԾ-ում․ Hraparak.am
[url=https://hraparak.am/post/370ae79d09a95145ef1b4c9a74ba1ae6]«Հրապարակը»[/url] գրում է, որ իր ԱԱԾ աղբյուրները նոր մանրամասներ են հայտնում «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումներից:
Հիշեցնենք, որ «Հրապարակն» ավելի վաղ գրել էր, որ ԱԱԾ-ն նոր քրեական գործ է հարուցել Արթուր Վանեցյանի դեմ՝ ապօրինի զենքի մեղադրանքով: Սակայն ամբողջ զավեշտն այն է, որ այդ զենքը հայտնաբերվել է ԱԱԾ զինապահեստում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Վանեցյանին մեղադրանք առաջադրելու օպերացիան այժմ գլխավորում է կոռուպցիայի դեմ պայքարի դեպարտամենտի պետ, տխրահռչակ Միքայել Համբարձումյանը, ում խոստացել են ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը, եթե կարողանա քրեական պատասխանատվության կանչել Վանեցյանին։
ԱԱԾ աղբյուրները հայտնում են, որ ԱԱԾ սպառազինության բաժնի զինանոցից հանվել են ապօրինի զենքեր, որոնք, ըստ ԱԱԾ-ի, գրանցված զենքեր չեն։ Միքայել Համբարձումյանն անձամբ է իրականացրել խուզարկություններն ու հարցաքննությունները ԱԱԾ-ի ներսում։ Սպառազինության բաժնի պետ Արտակ Թորոսյանին նախ համոզել են, հետո ստիպել, իսկ վերջում վախեցրել, որ ցուցմունք տա այն մասին, թե իբր հայտնաբերված զենքերը պատկանում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։ Ա.Թորոսյանը հրաժարվել է սուտ ցուցմունքներ տալուց, ինչի հետեւանքով էլ նրան ձերբակալել են։
Ապա ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի ուղիղ ցուցումով ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետն ու Միքայել Համբարձումյանը հարցաքննության են կանչել նաեւ սպառազինության բաժնի ձերբակալված պետի կնոջը, ով նույնպես աշխատում է ԱԱԾ-ում։ Նրան նախ համոզել են, որ ամուսնուն ստիպի ցուցմունքներ տալ Արթուր Վանեցյանի դեմ, սակայն տեսնելով, որ չի հաջողվում, ասել են՝ «Ամուսնուդ կնստացնենք, քեզ էլ գործից կհանենք ու երեք անչափահաս երեխաներդ սովից կմեռնեն»:
Թորոսյանի կնոջ հարցաքննությունը շարունակվել է մինչև ուշ գիշեր։ Կեսգիշերին նրան բաց են թողել: Թե ինչ շարունակություն կունենա այս պատմությունը, կներկայացնենք հաջորդիվ:
Նմանատիպ նյութեր
5303 դիտում
17:36 03-08-2020
Արթուր Վանեցյանի դեմ հետապնդումները նոր փուլ են մտնում. Hraparak.am
42254 դիտում
15:18 23-09-2019
Ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում․ Արթուր Վանեցյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին․ hraparak.am