211652_close_icon
views-count10773 դիտում article-date 15:58 26-07-2020

Մոսկվայի մրգի շուկաները նոր ռազմադաշտ են դարձել սահմանային բախումներից 2000 մղոն հեռու. The Guardian

[url=https://www.theguardian.com/world/2020/jul/26/moscows-fruit-stalls-become-frontline-of-a-border-skirmish-2000-miles-away#img-1]The Guardian[/url] պարբերականն անդրադարձել է Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ ազգությամբ ադրբեջանցի գործարար Գոդ Նիսանովին պատկանող «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից հուլիսի 16-ի գիշերը հայկական ապրանքներով բեռնված ֆուռերի դուրս հանման աղմկահարույց դեպքին: Պարբերականը գրում է, որ տեղեկանալով «Ֆուդ Սիթի»-ի ղեկավարության որոշման մասին՝ հայազգի գործարար Սարիբեկ Գևորգյանն անմիջապես գործի է անցել՝ ժամանակավորապես անվճար տարածք տրամադրելով հայկական ծիրան վաճառողներին: «Այսպիսով՝ նա օգնեց իրականացնել մրգի փրկության առաքելությունը, որը ստացավ «Օպերացիա Ծիրան» անվանումը: Աղբյուրը հիշեցնում է, որ մոսկովյան զարգացումներին նախորդել էին հայ-ադրբեջանական սահմանային բախումները, որոնք դարձել են տասնյոթ մարդու մահվան պատճառ: «Հետցնցումները տարածվել են աշխարհով մեկ՝ ուժգին բախումներ առաջացնելով ԱՄՆ-ում, Եվրոպայում բնակվող սփյուռքի ներկայացուցիչների միջև, ինչպես նաև փոքրամասշտաբ տնտեսական պատերազմի պատճառ դառնալով Մոսկվայում»,-գրում է պարբերականը՝ հիշեցնելով Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիների կողմից հայկական պետհամարանիշերով մեքենայի վրա հարձակումն ու հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ հարձակումը: Վերադառնալով ծիրանի թեմային՝ աղբյուրը նշում է, որ հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ առցանց հարթակներում հազարավոր հետևորդների կոչ են արել գնել ծիրանը, որպեսզի մթերքը չփչանա: «Այս ամենն ակամայից վերածվեց ծիրանի էքսպրոմտ տոնակատարության: Եվ չնայած, որ ծիրանի պատերազմն ավարտվել է, այժմ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ ադրբեջանցիներին պատկանող շուկաներն ու խանութները արգելում են հայկական արտադրանքի վաճառքը: ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ՌԲԿ-ի հետ զրույցում ահազանգել է, որ հայկական պահածոները, հանքային ջրերն ու կոնյակն անհետացել են ադրբեջանցի գործարարներից մեկին պատկանող մոսկովյան խոշոր սուպերմարկետային ցանցերից մեկից»,-գրում է պարբերականը: Աղբյուրը հավելում է, որ թեև երկու պետությունները հաճախ են ընդհարվում՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի սահմանին, սակայն հազվադեպ է պատահում, որ կոնֆլիկտը տարածվի նաև Մոսկվայի առևտրային ոլորտում: «Նույնիսկ 2016թ. քառօրյա պատերազմի ժամանակ Մոսկվայում այսպիսի տրամադրություններ չկային: Սա տնտեսական պատերազմ է. նախկինում երբևէ նման բան չի եղել»,-պարբերականի հետ զրույցում ասել է Մոսկվայի հայկական և ազգերի մշակույթի թանգարանի տնօրենը:

Նմանատիպ նյութեր