211652_close_icon
views-count36173 դիտում article-date 19:23 23-07-2020

Արտակարգ իրավիճակ Սարի թաղում․ բնակիչներն ասում էին՝«Երևանի քաղաքապետը, Էրեբունու թաղապետն ու «Վեոլիա ջրի» ղեկավարը լրիվ համապատասխանում են հայտնի առակի՝ խեցգետնին, գայլաձկանն ու կարապին․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է՝ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ն ահազանգեր է ստանում Սարի թաղի 18 փողոցի բնակիչներից, ովքեր պահանջում են, որպեսզի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Ա․ Աբրահամյանը և «Վեոլիա Ջուրը» վերջապես խոսքից անցնեն գործի ու լուծում տան երկար տարիներ, իբրև թե՝ չլուծվող խնդրին։ Այսօր, հուլիսի 23-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Այս խնդիրը երկար տարիների պատմություն ունի, բայց արդեն քանի օր է՝ խնդրի լուծման համար ահազանգել ենք Երևանի քաղաքապետարան, Էրեբունու թաղապետարան ու «Վեոլիա Ջուր», սակայն ոչ մի դրական արդյունք։ Երեքը միասին, ասես՝ հայտնի առակի հերոսները լինեն՝ մեկը կարապը, մեկը գայլաձուկը, մեկն էլ խեցգետինը։ Խնդիրը լուծելու փոխարեն, քաղաքապետարանն ասում է՝ թաղապետարանը պետք է այդ հարցը լուծի, թաղապետարանն ասում է՝ «Վեոլիա Ջուրը»։ Էստեղ են ասում՝ երկինքը փուլ գա ձեր գլխին, որ ձեր անմարդկային վերաբերմունքի պատճառով՝ ամեն պահի տները փլուզման եզրին են հայտնվել։ Ամեն գիշեր աղոթում ենք, որ առանց ողբերգական դեպքի կլուսացնենք։ Սովետի տարիներին հույսով սպասեցինք, որ խնդիրը կլուծվի, բայց զուր։ Եկավ՝ անկախություն ձեռք բերեցինք, ասինք՝ էդ ժամանակ կլուծվի, երեք նախագահ, մի քանի վարչապետ, մի քանի քաղաքապետ ու թաղապետեր ենք փոխել, բայց զուր, ոչ մի դրական տեղաշարժ չենք տեսել այս խնդիրը լուծելու ուղղությամբ։ Էս ներկա իշխանության հայտարարած Թավշյա հեղափոխությունն էլ, ոնց որ թե՝ վրեքներս չեկավ։ Մեծ թվով տներում ոչ միայն ապրելն է դարձել ավելի վտանգավոր, այլև «Վեոլիա Ջրի» «բարձր հովանու ներքո» մեր փողոցում տիրում է գարշահոտություն։ Ջրահեռացման համար նախատեսված դիտահորերը այնքան են լցվել, որ երբեմն դուրս են թափվում ու ողջ տարածքում տիրում է հակասանիտարական վիճակ։ Կառավարությունը հորդորում է թե՝ կորոնավիրուսով չվարակվելու պայմաններից մեկն էլ նաև սանիտարահիգիենիկ պայմանները պահպանելն է։ Հիմա մենք չենք՝ դուք եք, ո՞նց պահպանենք սանիտարական վիճակը, երբ «Վեոլիա Ջուրն» ու Էրեբունու թաղապետարանը ուղտի ականջում քնած են։ Ջրի համար վարձավճարներն էլ կանոնավոր մուծում ենք։ «Վեոլիա Ջուրն» եկավ կիսատ-պռատ աշխատանքները կատարեց, ու մինչև հիմա սպասում ենք, թե երբ կավարտվի։ Իսկ այդ ընթացքում բազմաթիվ տներ դառնում են էլ ավելի վթարային, քանի որ ջրերը լցվում են տան նկուղներ։ Գոնե այսքանից հետո հետևություններ անեն, ու անհապաղ ձեռնարկեն անհրաժեշտ աշխատանքներ խնդիրը, վերջնականապես, ի շահ բնակիչների լուծելու համար։ Հակառակ դեպքում կարող ենք մտածել, որ պատասխանատուների համար մարդկային կյանքերը ոչ մի արժեք չունեն»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր