Թուրքիան սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության hամար․ Լիլիթ Մակունց
Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին իրադարձությունների ծավալման ֆոնին Թուրքիան ադրբեջանական ռազմական ագրեսիան ողջունող և նույնիսկ խրախուսող հայտարարություններով ևս մեկ անգամ ապացուցում է, որ այդ պետությունը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Թուրքիայի այս գործելաոճը չպետք է անարձագանք մնա միջազգային հանրության կողմից, քանի որ հարցականի տակ է դրվում թե՛ մեր և թե՛ ավելի մեծ տարածաշրջանային կայունությունը։ Մենք խորհրդարանական դիվանագիտության բոլոր խողովակներով ուշադրություն ենք հրավիրում այս ռիսկի նկատմամբ և ակնկալում, որ միջազգային գործընկերների համար նույնպես տարածաշրջանային կայունության պահպանումը կլինի բացարձակ առաջնահերթություն»,- գրել է Մակունցը։