211652_close_icon
views-count14682 դիտում article-date 16:18 03-07-2020

Նախարարի աթոռը չափազանց քաղցր բան է. նամակ՝ ԿԳՄՍ հաջորդ նախարարին․ «Առավոտ»

Հարգելի՛ պարոն նախարար, Սրտի խորքում հասկանում եմ, որ իշխանության ձգտող մարդը միշտ ինչ-որ խնդիրներ է ունենում կյանքում, որոնք փորձում է հաղթահարել՝ իշխանությունն իրացնելով։ Չեմ ուզում հավատալ, որ Դուք հասել եք այդ պաշտոնին փող աշխատելու համար, հուսանք, որ Ձեզ այդտեղ է հասցրել փառքը։ Իսկ փառքը, թեև նման է քմահաճ կնոջ, բայց որոշակի պահանջներ ունի։ Նախ՝ ասեմ, որ երկու լուր ունեմ, մեկը` լավ, մյուսը` վատ։ Լավն այն է, որ նախորդից հետո ինչ էլ անեք, միևնույնն է, ընկալվելու եք որպես լավ նախարար։ Իսկ վատ լուրն այն է, որ նախորդ նախարարից մնացած ահռելի ավերածություններ կան Ձեր ղեկավարելիք ոլորտներում։ Մինչև Ձեզ նախորդած նախարարի պաշտոնավարումը՝ ես շատ սիրում էի Հայաստանի՝ հատկապես Մշակույթի նախարարների մասին զվարճալի պատմություններ վերհիշել, բայց Ձեր նախորդը ցույց տվեց, որ կատակերգությունը կարող է մի ակնթարթում դառնալ ողբերգություն։ Օրինակ՝ ես չեմ կարող երբևէ ծիծաղով հիշել այն, որ Հայաստանի մշակույթի նախարարը Հովհաննես Թումանյանի 150-ամյակին ամենահայտնի քառյակը թղթից էր կարդում։ Կամ որ Թումանյանի ու Կոմիտասի անունների կողքին պետությունը չհիշեց, որ 2019-ը հոբելյանական է նաև Երվանդ Օտյանի և Լևոն Շանթի համար։ Նախորդ նախարարի պաշտպանները գուցե ինձ հանդիմանեն, որ հնարավոր չէ Օտյանի վեպը կամ Շանթի պիեսը Ֆեյսբուքով տարածել, ինչպես նշվեցին Սիլվա Կապուտիկյանի, Գևորգ Էմինի և Հրաչյա Հովհաննիսյանի 100-ամյակները, կամ Օտյանն ու Շանթը Հայաստանում ապրող ժառանգներ չունեն, որ կարողանան ստիպել Կառավարությանը «սուբվենցիոն» ծրագրեր իրականացնել, բայց ես կարծում եմ, որ խնդիրը նախ և առաջ չիմացությունն էր․ ցավոք սրտի, մենք ականատես եղանք մի ժամանակաշրջանի, երբ Ադրբեջանի մշակույթի նախարարը հաստատ ավելի քաջատեղյակ էր հայկական մշակույթից, քան իր հայ պաշտոնակիցը։ Այնպես որ առաջին խնդրանքս այն է, որ տեղյակ լինեք հայկական մշակույթից, թեկուզ շատ չէ՝ ոչ թե երրորդ, այլ գոնե ութերորդ դասարանի մակարդակով։ Գոնե սկզբում հայերենի պարզ կանոններն ուսումնասիրեք, որ բազմակի ենթակայի հետ եզակի ստորոգյալ չօգտագործեք կամ մի հարգարժան պրոֆեսորի ֆեյսբուքյան գրառման տակ առանց կապի խնդրառությունը ճիշտ գրեք։ Թե չէ դրանից հետո չափազանց դժվար է լինելու բազմահազար աշակերտների ու ուսանողների բացատրելը, թե ինչու է պետք հայերեն գրագետ գրել։ Հայերենի իմացությունը կօգնի Ձեզ նաև շատ կարևոր հարցերում․ օրինակ՝ քանդել և կառուցել բայերը իրականում շատ տարբեր են։ Ու եթե մարդ ինստիտուտներ ու համակարգեր է լուծարում՝ դրանց փոխարեն ոչինչ չստեղծելով, նա ոչ թե կառուցում կամ բարեփոխում է, այլ պարզապես քանդում է։ Մեր հարուստ պատմության ընթացքում ընդամենը երկու հերոս է եղել, որ խառնել է այդ երկու բայերը՝ ընկեր Բ․ Փանջունին և Ձեր նախորդը (ահա և Օտյանի 150-ամյակը չնշելու ևս մի օբյեկտիվ պատճառ)։ Հասկանում եմ, որ նախարարի բազկաթոռը շատ տաքուկ մի տեղ է, որը երբեմն այնքան է տաքացնում, որ մարդու մոտ տեսիլքներ են հայտնվում։ Օրինակ՝ Ձեր նախորդին թվում էր, որ իր ամնեզիան բնորոշ է նաև հայ ժողովրդին։ Մինչ նախարար դառնալը՝ նա խոսում էր կրթական համակարգում կոռուպցիայի և հովանավորչության դեմ, բայց նախարար դառնալուց հետո ոչ մի համակարգային փոփոխություն չիրականացավ․ ես՝ որպես մտավոր միջին հնարավորությունների տեր քաղաքացի, մտածում եմ, որ կամ Ձեր նախորդը ստում էր, կամ կոռուպցիայի անդիմադրելի գետը սկսել էր հասնել նրա գրպանին։ Հովանավորչության մասին էլ երևի լռեմ, որովհետև ԵՊՀ պատմության մեջ չէր եղել դեպք, որ Կրթության նախարարը պրոռեկտոր նշանակել տա իր ընկերոջը, այն էլ ինչպիսի ընկերոջ՝ անգլերեն, ռուսերեն և անգամ հայերեն չիմացող մեկին՝ աշխարհի համալսարանների հետ կապերը համակարգողի պաշտոնում։ Բայց նախարարի աթոռը չափազանց քաղցր բան է, իսկ քաղցրը, ինչպես գիտենք, փչացնում է տեսողությունը։ Բայց եկեք առողջական խնդիրներից չխոսենք։ Մյուս կարևոր հանգամանքը հարգանքն է սովորական մարդկանց նկատմամբ։ Գուցե կարող է Ռազմական արդյունաբերության կամ Ծովային ուժերի նախարարը մի քիչ կոպիտ լինել, բայց երկրի կրթությունը, գիտությունն ու մշակույթը մարմնավորող անձը չպիտի արհամարհանքով խոսի ո՛չ իր գերատեսչության նախկին աշխատակիցների, ո՛չ քաղաքական այլ հայացքներ ունեցող երիտասարդների, ո՛չ էլ հայագիտություն դասավանդողների հետ։ Հարգանքը պետք է լինի նաև սեփական խոսքի հանդեպ, որովհետև եթե ինչ-որ բան եք պայմանավորվում բուհ ղեկավարող Ձեր թիմակցի կամ ոչ թիմակցի հետ, իսկ մի քանի շաբաթ անց «գցում» եք նրանց, դրանից Դուք չեք դառնում խորամանկ նախարար, այլ վերահաստատում եք Ձեր մասին մամուլում պտտվող լուրերը։ Հիմա ամենակարևորի մասին։ Հարգելի՛ պարոն նախարար, Դուք նստում եք Ձեր հարմարավետ աթոռին, ծառայողական մեքենայով երթևեկում եք, աշխատավարձ ու պարգևավճար եք ստանում, որովհետև կա հայագիտություն։ Հիշեք սա։ Չլինի հայագիտությունը, չեն լինի ո՛չ ՀՀ-ն, ո՛չ ԿԳՄՍ-ն, ո՛չ էլ Ձեր այն սև խորհրդականը, որ Ձեզ լարում է հայագիտության դեմ։ Երբ հայագիտության համար ոչինչ չարած և միայն կրճատման ու քանդման մասին խոսող Ձեր նախորդը խոսում էր հայագիտական ինստիտուտների փակման մասին, իրականում նվազեցնում էր բուհական ինքնավարությունը, բայց վերջինիս անվան տակ ուզում էր հայագիտական առարկաները ոչ պարտադիր դարձնել, երբ եկամտահարկով չէր պատրաստվում փոխհատուցել հայագետ ուսանողների ուսման վարձերը, երբ ակնարկում էր դպրոցական ծրագրերից հայերենի կրճատման մասին, նա պարզապես փորում էր իր քաղաքական կարիերայի խորը փոսը և նախապատրաստում էր իր հարմարավետ տեղը պատմության աղբանոցում։ Մի՛ արեք այդպես․ հայագիտությանը ծանոթ են ներքին ու արտաքին բազմաթիվ սրիկաներ, որոնք փորձել են վնասել, ոմանք կարողացել են, ոմանք՝ ոչ, բայց նրանց բոլորի անունները հիշվելու են պատմության մեջ, ինչպես հիշվելու է քայլարշավի իշխան Ա․Ն․Դելյանովի անունը։ Հարգելի պարոն նախարար, պատկերացրեք, որ Հերոստրատի փառքի փոխարեն կարելի է հակառակ ճանապարհն ընտրել․ կարելի է զարգացնել հայագիտությունը։ Օրինակ՝ պատվիրեք հետազոտություն, թե ինչքան հայ երեխա է ուշ խոսում այն պատճառով, որ համացանցում հայերեն մուլտֆիլմներ քիչ կան։ Վստահեցնում եմ, որ կվախենաք այդ թվից։ Հայկական կինոթատրոններն ու հեռուստաընկերությունները շարունակում են օտար լեզվով ֆիլմեր ցուցադրել։ Հայերենի իմացությունը ստուգող միակ հնարավորությունն ընդունելության թեստն է, որի հիմքում հայերենի ոչ թե կանոններն են, այլ բացառությունները, և որը հիմնվում է անգիր անելու հակամանկավարժական սկզբունքի վրա, այնինչ մարդը միշտ էլ պիտի կարողանա ստուգել մայրենիի իր իմացությունը և կատարելագործել այն։ Բուհերին պետք է հանձնարարվի հայերենի իմացության ավելի բարձր մակարդակ ապահովելու խնդիրը։ Հայերենի ու հայ գրականության դպրոցական ծրագրերը վերաիմաստավորման ու վերափոխման կարիք ունեն․ չհավատաք, եթե Ձեզ վստահեցնեն, թե միայն Ձեր ընկերների միջոցով կարող եք լուծել այդ խնդիրը։ Աշխարհի տարբեր ծայրերում հայ երեխաներ են ապրում, որոնք չեն կարողանում հայերեն սովորել առցանց ինքնուսույցների բացակայության պատճառով։ Բազմաթիվ մարդիկ չեն կարողանում վերագտնել իրենց հայկական ինքնությունն էլի նույն պատճառով։ Պետություններ կան, որոնք արգելում են հայալեզու գրականության մուտքն իրենց տարածք, իսկ անհրաժեշտ հայալեզու գրականությունն ամբողջությամբ թվայնացված չէ։ Սփյուռքում հայերենի ուսուցիչներ չկան նաև այն պատճառով, որ Հայաստանում արևմտահայերեն և դասական ուղղագրություն չեն սովորեցնում։ Հայագիտական բուհական բոլոր դասագրքերը պետք է թարմացվեն։ Եվ վերջապես, բուն հայերենը կարիք ունի բարեփոխման․ գրական լեզվի կանոնների բեռնաթափում պետք է կատարվի։ Հարգելի ՀՀ ԿԳՄՍ հաջորդ նախարար, հայագիտության բոլոր համեստ մշակների անունից գրկում եմ Ձեզ և խոնարհվում Ձեր առջև։ [b]Ձեր՝ Գևորգ ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ[/b] Աղբյուրը՝ [url=https://www.aravot.am/2020/07/03/1121384/?fbclid=IwAR0er908rVQogUczRYyZUow5Avquk1F1ScJ3iqxF3quaAC199_7E26mrQKE]«Առավոտ»[/url] օրաթերթ։

Նմանատիպ նյութեր