Կոտայքի պարեկները հայտնաբերել ու հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Ռուսաստանում և Հայաստանում հայտնի օլիգարխի ընտանիքին պատկանող կասկածելի «Mercedes»-ը՝ «յաշիկ»․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Զաքարյանը օրերս ՊԾ ղեկավար կազմին փոխանցել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի և ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականները, որ պարեկային ծառայությունը նույն կերպ պետք է շարունակի պայքարել ոչ միայն ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդների հայտնաբերման ուղղությամբ, այլ նաև լինի կանխիչ ուժ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների դեմ և շարունակի նույն ոճով պայքարը ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ։
Միայն այս տարի արդեն ՊԾ Երևանի գնդի և մարզային գումարտակների պարեկները այնքան թմրամիջոցներ են հայտնաբերել, որով կարելի է մի ամբողջ լաբորատորիա բացել։
Կանխվել են նաև թմրամիջոցների հարյուրավոր տարածման դեպքեր, հայտնաբերվել են նաև ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով հետախուզման մեջ գտնվող անձինք, ինչպես նաև կանխվել ու բացահայտվել են անձնական ունեցվածքի, այդ թվում՝ բնակարանային գողություններ։
Մի քանի դեպքերում հենց պարեկների օպերատիվ աշխատանքի շնորհիվ գողը կամ գողերը վնասազերծվել են հենց հանցանքի վայրում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ հնարավոր է ուկրաինական համարանիշներով «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է առանց վարորդական իրավունքի վկայական ունենալու։
Կարճ ժամանակում հերթական օպերատիվ տեղեկություններով պարզվում է, որ նա ժողովրդին հայտնի «Աբովյանի պատից» երթևեկում է դեպի Երևան։ Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի հանձնարարականով, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ նշված ավտոմեքենան հայտնաբերվում է, ապա տեղափոխվում հատուկ պահպանվող տարածք։
Տեղում պարզվում է, որ վարորդը հայկական վարորդական իրավունքի վկայական չունի, իսկ ավտոմեքենան գտնվել է հետախուզման մեջ, թեև վարորդը հայտնել է, որ այն այլևս հետախուզման մեջ չէ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Ռուսաստանում և Հայաստանում հայտնի հայ օլիգարխներից մեկի ազգականն է, իսկ այդ օլիգարխի նկատմամբ ժամանակին հետախուզում էր հայտարարվել Ռուսաստանի կողմից, և ՌԴ-ն պահանջում էր, որ Հայաստանը նրան արտահանձնի Ռուսաստանին, ինչը հայկական կողմը մերժել էր։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։