211652_close_icon
views-count2055 դիտում article-date 13:40 14-06-2020

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին օծվեց և վերատեղադրվեց Մայր տաճարի գմբեթի խաչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Արարատյան տոների շաբաթը պսակող Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում Սուրբ Պատարագ մատուցվեց Սուրբ Տրդատ Գ հայոց արքայի անունը կրող բաց խորանին։ Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ով իր քարոզում անդրադարձ կատարեց Միածնաէջ Մայր տաճարի հիմնադրման խորհրդին և կարևոր նշանակությանն ու առաքելությանը հայ ժողովրդի կյանքում։ Տոնի բերկրանքը հավելվեց մեկ այլ նշանակալի իրադարձությամբ։ Նկատի առնելով, որ Միածնաէջ Մայր տաճարի ամրակայման աշխատանքների հերթական փուլի ավարտի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվել էր տաճարի գմբեթը, Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց տաճարի գմբեթի նորակերտ խաչի օծման արարողությունը։ Տաճարի հին խաչը, որը վնասվել էր ժամանակների ներգործության պատճառով, իր մշտական հանգրվանը կգտնի Մայր Աթոռի թանգարանում։ Բաց խորանի առջև, ըստ ընկալյալ կարգի, նախ սաղմոսների ներքո գինով և ջրով լվացվեց խաչը, ապա սուրբգրային ընթերցվածքներից ու աղոթքներից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբալույս մյուռոնով օծեց այն։ Տոնի առիթով, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նաև կատարվեց Սուրբ Էջմիածնի մաղթանք: Հոգևոր դասը և ներկա բարեպաշտ հայորդիները միասնաբար աղոթք բարձրացրեցին առ Բարձրյալն Աստված Հայոց Ընդհանրական Մայր Աթոռի՝ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության, աշխարհասփյուռ հայ ժողովրդի կյանքում նրա սրբազան առաքելության հարատև իրականացման համար։ Այնուհետև նորաօծ խաչի առջև Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց ներկաներին և համայն մեր ժողովրդին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի և Մայր տաճարի գմբեթի խաչի օծման ուրախալի առիթով։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքի ավարտին ծաղիկներով զարդարյալ օծված խաչը հանդիսավոր թափորով տարվեց Մայր տաճարի առջև, որտեղից ներկաների գոհաբանական մաղթանքների և շարականների երգեցողության ներքո կռունկով բարձրացվեց և տեղադրվեց տաճարի գմբեթին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր