211652_close_icon
views-count1222 դիտում article-date 23:16 10-06-2020

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն անցկացրել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ

Ֆիզիկական և մասնագիտական պատրաստվածության մակարդակն ամրապնդելու նպատակով 1-ին զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողներն անցկացրել են մարտավարական վարժանքներ: Հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկներն իրականացրել են պայմանական հակառակորդի տեղակայման վայր ներթափանցման, կենդանի ուժի և հրամանատարական կետի չեզոքացման գործողություններ: Հունիսի 9-ին 2-րդ զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Ռազմական տեխնիկան դուրս է բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են հրամանատարական կետեր և դաշտային կապի շարժական հանգույցներ: Ստորաբաժանումների հրամանատարները ներկայացրել են առաջադրված ուսումնամարտական խնդիրների կատարման գործողությունների հաջորդականությունը: 4-րդ զորամիավորումում շարունակվում է «Վաշտը պաշտպանությունում» և «Վաշտը հարձակման ժամանակ» թեմաներով անցկացվող ցուցադրական մարտավարական զորավարժությունը: Զորավարժությանը ներգրավված վաշտը հունիսի 9-ին լեռնային պայմաններում պաշտպանությունից անցել է հարձակման, գրավել կարևոր բարձունքներ, բարելավել դիրքերը և պահել գրաված հենակետերը մինչև հիմնական ուժերի մոտենալը։ Մարտավարական զորավարժության անցկացման նպատակն էր վաշտի ներդաշնակումը և մարտի վարման ընթացքում զինծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործումը: 5-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում հունիսի 9-ին անցկացվել է գործնական պարապմունք` մարտական կրակով: Զորամիավորման հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալի գլխավորությամբ անցկացված պարապմունքի ընթացքում ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու դաշտային պայմաններում գործելու հմտությունները, կատարելագործվել է նրանց մասնագիտական պատրաստության մակարդակն ու կրակի վարման արդյունավետությունը:

Նմանատիպ նյութեր