4010 դիտում
10:37 15-04-2020
Պետք չէ խոստանալ մարդկանց մի բան, որը հետո, այս կամ այն պատճառաբանությամբ, չի արվի․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կառավարությունը որոշել է աջակցել մեր կարիքավոր քաղաքացիներին: Սկզբում հայտարարվել էր, որ օգնություն կստանան նրանք, ովքեր փետրվար ամսվա ընթացքում գազի համար ծախսել էին ոչ ավելի, քան 10 հազար դրամ, իսկ էլեկտրաէներգիայի վարձն այդ ամսվա ընթացում չէր անցել 5 հազարը: Նախատեսվում է, որ պետությունը փոխհատուցելու է այդ ծախսերի կեսը: Որոշումը տարակուսանք էր առաջացրել՝ այդ ո՞վ է փետրվարին 10 հազարի գազ վառում: Հավանաբար, անսալով այդ քննադատությանը, կառավարությունը երեկ ի հավելում նշվածի, ևս մի շեմ է սահմանել՝ համապատասխանաբար, 10-ից 30 հազար և 5-ից 10 հազար, բայց այդ ծախսերը փոխհատուցելու են 30 տոկոսով: Հավելումն անելու որոշումն, իմ կարծիքով, ճիշտ է՝ ընդգրկվելու է կարիքավորների ավելի լայն շրջանակ: Եվ ընդհանրապես՝ լավ է, որ պետությունը ձեռք է մեկնում այդ խավին՝ ցուցաբերելով թեկուզ խորհրդանշական օգնություն:
Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ կորոնավիրուսի հետ այդ օգնությունը որևէ առնչություն չունի: Մեր այն համաքաղաքացիները, որոնք մրսում են իրենց բնակարաններում՝ գումարներ խնայելով գազի և էլեկտրականության համար, կամ, լավագույն դեպքում, նրանք, ովքեր գյուղում տաքանում են փայտե վառարանով, այդ մարդիկ նման ձևով են ապրում ամենևին ոչ կորոնավիրուսի հետևանքով՝ շատերն այս վիճակում են արդեն 25-30 տարի: Եթե մարդկանց տալիս են, ենթադրենք, 50 հազար դրամ թոշակ, ապա շատ բնական է, որ 40-ը նրանք կծախսեն ուտելիքի և 10-ը կոմունալ ծախսերի վրա: Անկախ որևէ կորոնավիրուսից:
Պետությունը պետք է հիմա օգնի նրանց, ովքեր տուժել են համավարակից: Եվ այստեղ առաջնահերթությունները որոշելը շատ դժվար է, որովհետև, որոշ բացառություններով, տուժել են բոլորը՝ մեծ, միջին, փոքր, ինչպես նաև՝ շատ փոքր ձեռնարկությունները: Կառավարությունը բոլորին բավականին ճոխ խոստումներ է տվել, և թե ինչպես են դրանք իրականացվելու, դեռևս հայտնի չէ: Համենայնդեպս արդեն իսկ տարբեր տեղերից ահազանգեր են հնչում, որ մարդիկ կամ ձեռնարկությունները, որոնք բավարարում են կառավարության նշած պայմաններին և պիտի որ օգնություն ստանային պետության կողմից՝ մերժվում են: Բացի այդ՝ դեռ էլի կլինեն խմբեր, որոնք տուժել են և որոնց մասին, կարծես թե, մոռացել են: Օրինակ, երթուղային տաքսիների վարորդները, որոնք ապրում են «գծատերերին պլան բերելով», և հիմա, երբ հասարակական տրանսպորտի աշխատանքն արգելված է, զրկվել են իրենց եկամուտից: Եթե ևս մեկ ամիս արգելվի (ինչն անվտանգության առումով, իմ կարծիքով, ճիշտ է), ապա այդ մարդիկ չեն կարողանա իրենց ընտանիքները պահել: Եվ դա վերաբերում է հազարավոր մարդկանց, նաև այն վարձու աշխատողներին, որոնք շարունակում են աշխատել, բայց դեռևս փետրվարի աշխատավարձը չեն ստացել:
Ում պետք է օգնել առաջին հերթին՝ ես, ճիշտն ասած, չգիտեմ: Բայց մի բան պարզ է՝ պետք չէ խոստանալ մարդկանց մի բան, որը հետո, այս կամ այն պատճառաբանությամբ, չի արվի: Սուտը, անգամ եթե փոքր է, ծնում է մեծ անվստահություն»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1895 դիտում
20:50 05-02-2016
Կլաուդիո Ռանիերի. Ես Օբաման չեմ, չեմ կարող շատ բան խոստանալ
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»