211652_close_icon
views-count51972 դիտում article-date 15:59 27-03-2020

Նախարարությունն առաջարկում է առանց կատալիտիկ չեզոքացուցիչների մեքենան վարողներին տուգանել

Շրջակա միջավայրի նախարարությունը առաջարկում է տուգանել այն վարորդներին, ովքեր վարում են մեքենան առանց կատալիտիկ չեզոքացուցիչների։ Նախագիծը տեղադրված է e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախածով առաջարկվում է տուգանք քաղաքացիներին` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: «Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի ու օգտագործողների կողմից ապամոնտաժվում և վաճառվում են կատալիտիկ չեզոքացուցիչները։ Պատճառը դրանց մեծ գինն է, քանի որ կատալիտիկ չեզոքացուցիչի արտադրության համար կիրառվում են թանկարժեք մետաղներ՝ ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում: Երբ տրանսպորտային միջոցը շահագործվում է առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով՝ վնասակար նյութերն անարգել արտանետվում են մթնոլորտ, ինչը չափազանց վտանգավոր է, մանավանդ, եթե ստանում է զանգվածային բնույթ, ինչպես ներկայումս նկատվում է Հայաստանի Հանրապետությունում»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ավտոտրանսպորտային միջոցների չեզոքացման համակարգի բացակայության պայմաններում ավտոտրանսպորտային միջոցների շահագործման կանխարգելման անհրաժեշտությամբ։

Նմանատիպ նյութեր