211652_close_icon
views-count3479 դիտում article-date 21:22 30-11-2016

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պատրաստ է աջակցել ջերմատնային տնտեսություն վարողներին

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նոյեմբերի 30-ին նախաձեռնած հանդիպումը ջերմատնային տնտեսությունների ներկայացուցիչների հետ նպատակ ուներ ոլորտի տնտեսավարողներին ևս մեկ անգամ ներկայացնել բուսական ծագման մթերքին ներկայացվող անվտանգության պահանջները: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը խոսել է այն մասին, որ վերջին տարիներին հանրապետությունում արձանագրված ջերմատնային տնտեսությունների զարգացումը, գերժամանակակից ջերմատների կառուցումը, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրումը, մշակության հիդրոպոնիկ եղանակը ողջունելի առաջընթաց է ապահովել ոլորտի համար: Սակայն նա նաև շեշտել է սպառողներին քրոնիկ հիվանդություններից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ հիշեցնելով, որ թունաքիմիկատների և պարարտանյութերի չափաքանակների գերազանցումը և ոչ ճիշտ օգտագործումը հանգեցնում են պտուղ-բանջարեղենում պեստիցիդների և նիտրատների մնացորդային թույլատրելի քանակների գերազանցմանը՝ տվյալ մթերքը դարձնելով մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր: Բուսասանիտարիայի տեսչության պետը հորդորել է գյուղատնտեսական մթերքների արտադրությունը կազմակերպել գրագետ և պարարտացումները կատարել պլանային կարգով՝ այդպիսով զերծ մնալով մնացորդային նյութերի թույլատրելի քանակը գերազանցելուց: Նա հատուկ ուշադրություն է հրավիրել թունաքիմիկատների ընտրության հարցին՝ ընդգծելով, որ խստագույնս պետք է պահպանվեն թունաքիմիկատի օգտագործման չափաքանակները, եղանակներն ու սպասման ժամկետները: Ոլորտի տնտեսավարողները տեղեկացվել են, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արդեն սկսել է դիտարկումներ իրականացնել հանրապետության տարածքում իրացվող բուսական ծագման մթերքների նկատմամբ` ուշադրություն դարձնելով պեստիցիդների և նիտրատների թույլատրելի քանակություններին: Տեսչության պետը հավաստիացրել է, որ Ծառայությունը պատրաստակամ է աջակցել ջերմատնային տնտեսություն վարողներին, մասնագիտական խորհրդատվություն տրամադրել և, վնասակար օրգանիզմների տեսակի որոշման նպատակով, կատարել նմուշառում և ենթարկել լաբորատոր փորձաքննության՝  անվճար հիմունքներով:

Նմանատիպ նյութեր