211652_close_icon
views-count5064 դիտում article-date 10:50 09-03-2020

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը պահանջում է դադարեցնել սև քարոզչությունն ու զրպարտությունները, այլապես կնախաձեռնի իրավական գործընթաց

Չնայած նախընտրական քարոզարշավը հանդուրժողականության­ մթնոլորտում անցկացնելու մեր բազմաթիվ հորդորներին՝ մեր քաղաքական որոշ մրցակիցների, նախագահի որոշ թեկնածուների և այլ ուժերի կողմից նկատելի են սև քարոզչության ակտիվ դրսևորումներ: Այս մասին ասված է «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի տարածած հայտարարության մեջ: «Հասարակության հետ հանդիպումներում, լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հանրությանը մոլորեցնելու և թյուրիմացության մեջ գցելու նպատակով ակտիվ հակաքարոզչություն է իրականացվում գլխավորապես «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի և վերջինիս կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի դեմ՝ հաճախ հասցեական կիրառելով հետևյալ սուտ պնդումները. 1. Թե իբր մեր կողմից գումարներ են բաժանվում կամ բարեգործական ծրագրեր են իրականացվում նախընտրական քարոզչության նպատակներով, կամ որոշ պաշտոնյաներ կիրառում են վարչական լծակներ՝ ընտրություններում մեր օգտին ձայներ հավաքագրելու նպատակով Պաշտոնապես հայտարարում ենք՝ • Մեզ համար անընդունելի է ժողովրդավարական գործընթացների ստվերման ցանկացած դրսևորում: «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի և նրա կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի կողմից նախընտրական նպատակներով որևէ մեկին գումար չի տրվել և բարեգործություն չի կատարվել: Ուստի, այդպիսի բամբասանքների տարածումը դիտարկում ենք որպես վիրավորանք և զրպարտություն: • Եթե որևէ մեկը ունի ապացույցներ մեր կողմից ԱՀ քրեական օրենսգրքի դրույթները խախտելու վերաբերյալ, ապա թող, բամբասելու փոխարեն, հանցագործության մասին հաղորդում ներկայացնի իրավապահ մարմիններին: • ԱՀ իրավապահ մարմիններից պահանջում ենք իրենց լիազորությունների շրջանակներում արձագանքել հանցագործության մասին բոլոր հրապարակային հաղորդումներին թե՛ մեր, թե՛ այլ քաղաքական ուժերի ու թեկնածուների դեմ, ընթացքավորել դրանք և տալ պատշաճ իրավական գնահատականներ: Մենք պատրաստ ենք ամենախիստ պատասխանատվությունը կրելու, եթե գեթ մեկ հանցագործություն կատարաված լինի մեր կողմից: • Եթե մեր դեմ շարունակվեն նման վիրավորանքները և զրպարտությունները, ապա մտադիր ենք նախաձեռնել իրավական գործընթացներ՝ դրանց հեղինակներին պատասխանատվության ենթարկելու նպատակով: • Ի դեպ, մեզ էլ են հաճախ հասնում ոչ հստակ տեղեկություններ այս կամ այն քաղաքական ուժի կամ թեկնածուի կողմից ընտրակաշառքի տրամադրման և այլ իրավախախտումների վերաբերյալ, սակայն մեր սկզբունքներն ու ԱՀ օրենսդրությունը մեզ թույլ չեն տալիս դրանք հրապարակայնացնել՝ որպես ապացուցված իրողություններ: 2. Տարբեր քարոզչական ստոր քայլերով փորձ է արվում նվաստացնել ու պիտակավորել մեր քաղաքական թիմի աջակիցներին և ընտրողներին՝ ձգտելով հոգեբանական ճնշման տակ պահել նրանց: Դատապարտելի է սեփական ժողովրդի մի ստվար հատվածի հանդեպ այդպիսի վիրավորական վարքը, ինչը հղի է հասարակության պառակտման ու ներքին թշնամության հրահրման ռիսկերով: Ի տարբերություն ոմանց՝ մենք չենք վիրավորում ու պիտակավորում այլ քաղաքական ուժերի հետևորդներին, և, հաջողության դեպքում, Արայիկ Հարությունյանը լինելու է Արցախի ողջ ժողովրդի նախագահը: Տպավորություն ունենք, որ որոշ ուժեր ոչ միայն ապօրինի կերպով թիրախավորում են իրենց հիմնական քաղաքական մրցակցին, այլ նաև հանրային մեծ աջակցություն չունենալու պատճառով ձգտում են ստվեր գցել համապետական ընտրությունների լեգիտիմության վրա: Խիստ դատապարտելով նման գործելաոճը և անթույլատրելի համարելով ամեն գնով իշխանության գալու այդ ուժերի վարքագիծը՝ մենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ թույլ չենք տալու ստվերել և ձախողել ժողովրդավարական գործընթացներն Արցախում, հետևողական ենք լինելու մեր հասցեին արվող չհիմնավորված հայտարարություններին իրավական գնահատականներ տալու հարցում: Շրջահայացություն, փոխհարգանք ու ազնվություն բոլորիս... »: Քաղաքական դաշինքի մամուլի կենտրոն

Նմանատիպ նյութեր