211652_close_icon
views-count13512 դիտում article-date 16:16 06-03-2020

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավական աջակցությամբ մի խումբ զինծառայողներ վերականգնել են իրենց իրավունքները

2019 թվականի նոյեմբերի 6-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էին դիմել մի խումբ զինծառայողներ՝ իրավական աջակցություն ստանալու նպատակով: Նրանք գրասենյակին հայտնել են, որ 2017 թվականի նոյեմբերի 2-ից ՀՀ ՊՆ թիվ 21833 զորամասը վերակազմավորվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի թիվ 37082 նյութապահովման վաշտի: Սկսած այդ ժամանակահատվածից՝ զինծառայողներն սկսել են մասամբ վճարվել գործուղման ծախսերի դիմաց: Իրավիճակն ավելի է վատթարացել, քանի որ 2019-ի ապրիլից մինչև նոյեմբեր նրանք, ընդհանրապես, չեն ստացել փոխհատուցումները: Զինծառայողների տեղեկություններով՝ ամսական իրենց տրամադրվում է 101.000-117.000 դրամ, որից բացի՝ նրանք պետք է ստանային նաև գործուղման ծախսերի փոխհատուցում: Չստանալով այն՝ զինծառայողները ստիպված են եղել նշված գումարի շրջանակում հոգալ իրենց գործուղման ծախսերը: Նրանցից մեկն, օրինակ, պատմել է, որ ՀՀ ՊՆ-ը իրեն չի վճարել շուրջ 55.000 դրամ, նույնքան էլ մեկ այլ վարորդի: Ամենաշատ չվճարված գործուղման փոխահատուցման չափը կազմել է 292.000 դրամ: Ըստ զինծառայողների՝ ղեկավարությունն այս իրավիճակը պատճառաբանել է ֆինանսական եռամսյակային փոխանցումների ուշացումներով: Ընդհանուր առմամբ՝ ՀՀ ՊՆ պարտավորությունները՝ զինծառայողների նկատմամբ տատանվում էր 33.000-292.000 դրամի միջակայքում: ՀՔԱ Վանաձորի գրասենյակն սկսել է զբաղվել զինծառայողների ոտնահարված իրավունքների վերականգնման գործով և գրություն ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Ի դեպ, նույն խնդրով զինծառայողները նույն ժամանակահատվածում գրություն են ուղարկել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վկայակոչելով ՀՀ ՊՆ 2013 թ. օգոստոսի 20-ի թիվ 915 հրամանը, որով սահմանված է ՀՀ ՊՆ զինծառայողների՝ ՀՀ-ում, ԼՂ-ում և օտարերկրյա տարածքներում գործուղումների կազմակերպման և իրականացման կարգը, ՀՔԱՎ-ը պաշտպանության նախարարից պահանջել էր պաշտոնական պարզաբանում՝ ստեղծված իրավիճակի մասին, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ զինծառայողների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ի՝ ՀՔԱՎ-ին ուղղված պատասխան գրությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ վերոնշյալ զորամասի վերաբերյալ իր հանձնարարությամբ ուսումնասիրվել են փաստաթղթեր՝ 2017-ի նոյեմբերից մինչև 2019-ի նոյեմբերն ընկած ժամանակահատվածի համար՝ պարզելու խնդրին առնչվող հանգամանքները: Արդյունքում՝ զինծառայող-վարորդների բոլոր գործուղումների ծախսերը ամբողջությամբ փոխհատուցվել են։

Նմանատիպ նյութեր