211652_close_icon
views-count5580 դիտում article-date 20:16 18-06-2016

Թուրքիան, Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանը իրենց հարցադրումներով արդեն որերորդ անգամ արհեստականորեն առիթ են ստեղծում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումի քննարկումը հետաձգելու համար

ՄԱԿ-ի ՀԿ-ների հարցերով կոմիտեն արհեստականորեն հետաձգում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակին խորհրդակցական կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմումի քննարկումը: Այս մասին հաղորդում է ՀՔԱՎ‎‎Գ կայքը։ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2015 թ. դիմել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC/ՏՍԽ) Հասարակական կազմակերպությունների հարցերով կոմիտեին՝ կարգավիճակի հարցով, քանի որ տնտեսական և սոցիալական հարցերի խորհրդի խորհրդակցական կարգավիճակը հասարակական կազմակերպությունների համար ապահովում է առավել մեծ հասանելիություն ՄԱԿ-ի մի շարք կառույցներին և ընթացակարգերին՝ հնարավորություն տալով այդ ընթացակարգերի շրջանակներում առավել հասանելի կերպով ներկայացնել իրենց այլընտրանքային դիրքորոշումները։ Խորհրդակցական կարգավիճակ ստանալու վերաբերյալ հարցումներն ուսումնասիրվում են Հասարակական կազմակերպությունների հարցերով կոմիտեի կողմից, որի արդյունքում էլ որոշվում է երաշխավորել դիմումատու կազմակերպությանը, թե՝ ոչ: Հասարակական կազմակերպությունների հարցերով կոմիտեն ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի մշտական կոմիտեն է։ Կոմիտեի անդամների թիվը 19-ն է, նրանք ընտրվում են աշխարհագրական հավասար ներկայացվածության հիման վրա՝ 5 անդամ Աֆրիկյան պետություններից 4 անդամ Ասիական պետություններից 2 անդամ Արևելյան Եվրոպայի երկրներից 4 անդամ Լատինական Ամերիկայից և Կարիբյան ավազանի երկրներից, 4 անդամ Արևմտյան Եվրոպայից և այլ երկրներից։ 2015-2019 թթ․ համար Հասարակական կազմակերպությունների հարցերով կոմիտեի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ հետևյալ երկրներից՝ Ադրբեջան, Բուրունդի, Չինաստան, Կուբա, Գվինեա, Հնդկաստան, Իրան, Իսրայել, Մավրիտանիա, Նիկարագուա, Պակիստան, Ռուսաստանի Դաշնություն, Հարավային Աֆրիկա, Սուդան, Թուրքիա, ԱՄՆ, Ուրուգվայ և Վենեսուելա (Բոլիվարյան Հանրապետություն)։ Կոմիտեն, սակայն, տարբեր պատճառաբանություններով արդեն երկու տարի հետաձգում է դիմումի քննարկումը՝ տուրք տալով Խորհրդի անդամ երկրների կողմից առաջացրած արհեստական խոչընդոտներին: Թուրքիան, Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանը իրենց հարցադրումներով արդեն որերորդ անգամ արհեստականորեն առիթ են ստեղծում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումի քննարկումը հետաձգելու համար:

Նմանատիպ նյութեր