75636 դիտում
14:10 04-03-2020
Ավտովթար Երևանում. 36-ամյա վարորդը Toyota Land Cruiser Prado-ով բախվել է կայանված Nissan-ին և կողաշրջվել. պատճառը մեկ այլ վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 5/10 հասցեի դիմաց Երևանի բնակիչ՝ 36-ամյա Մ. Հ-ն իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 36 OC 721 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 35 CM 160 համարանիշի ավտոմեքենային։
Վերջինս էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 34 RD 916 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Prado-ն կողաշրջվել է։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում զննել են վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ վնասվածքներ չի ստացել։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Ավետիք Բազիկյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են նույն դասակի տեսուչներ Արման Վիրաբյանն ու Գեորգի Աշչիյանը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, և մինչ կժամաներ հետաքննիչը, պարզվեց, որ վթարի հետևանքով տուժածներ չկան և հետաքննիչն անելիք չունի։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից Prado-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով դրանից հետո հեռացել է դեպքի վայրից։
Ոստիկանությունը պարզում է Nissan-ի, Opel-ի, ինչպես նաև վթարային վիրավիճակ ստեղծած և դեպքի վայրից հեռացած վարորդի ինքնությունն ու նրա վարած ավտոմեքենայի մակնիշը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+