211652_close_icon
views-count3451 դիտում article-date 15:45 27-02-2020

Հայաստանը աղքատության ամենացածր մակարդակն ունի. միջին անվանական աշխատավարձն աճել է 5.8 %-ով. վարչապետ

«2019 թվականին ՀՀ-ում գրանցվել է 2008 թվականից ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7.6 տոկոս, որը ԵԱՏՄ, հարևան երկրների, եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ ամենաբարձրն է»,- այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով, որ 2019 թվականը հետհեղափոխական կառավարության առաջին լիարժեք տարին էր, դա շատ կարևոր է և պետք է ցույց տար կառավարության գործունակության աստիճանը, կառավարության, նախարարությունների հաշվետվողականությունը: Վարչապետը հայտարարեց, որ ՀՀ-ն պատմականորեն աղքատության ամենացածր մակարդակը ունի, և մարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը 5.8 տոկոսով աճել է: 2019 թվականի վիճակագրական վերջին տվյալների համաձայն 2018-ի ընթացքում Կառավարությանը հաջողվել է 2.2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը և այն հասցնել 23.5%-ի: «Ծայրահեղ աղքատության մակարդակը նույն ժամանակահատվածում 1.2%-ից նվազել է մինչև 1 տոկոս: Փաստացի Հայաստանը պատմականորեն աղքատության ամենացածր մակարդակը ունի: Այստեղ կա խնդիր, այն մեթոդաբանությունը, որով աղքատությունը հաշվարկվում է, ներդրվել է 2009 թվականին»,-ասաց Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ նոր իշխանությունն իր ծրագրում նախատեսել է, որ մինչև 2023 թվականը ծայրահեղ աղքատությունը պետք է վերացնենք. «2019-ի ցուցանիշը մեզ վստահություն է տալիս, որ դա իսկապես իրագործելի խնդիր է»,- ընդգծեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր