211652_close_icon
views-count4055 դիտում article-date 23:04 26-01-2020

Գևորգ Դանիելյան. Մեկ միասնական քննչական մարմնի գաղափարը այլևս անհարկի ձգձգելն ակնհայտ անընդունելի է

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հատուկ քննչական ծառայության ստեղծման գաղափարն առաջադրելիս և իրացնելիս, բացառապես ղեկավարվել եմ այն առանցքային տեսլականով, որ չպետք է լինեն, այսպես կոչված, էլիտար քննչական մարմիններ՝ դրանից բխող բոլոր խիստ բացասական հետևանքներով հանդերձ, ինչպես նաև չպետք է լինեն ուղիղ ենթակայությամբ գործող գերատեսչական քննչական մարմիններ։ Մինչ այդ՝ գործում էր ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունը, իսկ դա նշանակում էր, որ դատախազությունը, ըստ էության, ինքն իր նկատմամբ էր հսկողություն իրականացնում։ Այս մտահոգիչ իրավիճակի մասին շատերն էին խոսում այն ժամանակ։ Այսպիսով, քննչական ողջ ապարատը դուրս բերվեց դատախազության համակարգից, ինչը տեղի ունեցավ նաև դատախազության տարածքային ստորաբաժանումներում։ Հաջորդ քայլը, որին նախապատրաստվել էր պետք, ինչի մասին բարձրաձայնել եմ նաև ԱԺ֊ում, պետք է լիներ այն, որ բոլոր քննչական մարմինները միավորվեին։ Ընդհանրապես, գերատեսչական նեղ շահերով թելադրված մասնատումները և դրանք վերահսկելի դարձնելու միտումները համարել եմ անընդունելի, նաև հենց այդ նպատակով նախաձեռնեցի Արդարադատության ակադեմիայի հիմնադրումը (ի դեպ, նաև շենքի կառուցումն եմ ավարտին հասցրել)։ Քննչական կոմիտեի ստեղծման իրավական հիմքերի մշակողները, մասնավորապես Արթուր Ղամբարյանը (վերջինս դեռ մի քանի ամիս առաջ այդ կոմիտեի նախագահի տեղակալն էր) և Թամարա Շաքարյանը ողջամտորեն մտադրված էին մշակելու մեկ միասնական քննչական կոմիտեի մասին օրենսդրական ակտ, սակայն քաղաքական և ինչ֊որ տեղ դարձյալ գերատեսչական մղումները չեզոքացրին այդ հիրավի հիմնավորված մոտեցումը։ Ներկա զարգացումները վկայում են, որ մեկ միասնական քննչական մարմնի գաղափարը այլևս անհարկի ձգձգելն ակնհայտ անընդունելի է, քանզի դա հանգեցնում է ուժերի ջլատմանը, չի ապահովում միասնական իրավակիրառ պրակտիկայի ձևավորմանը, հանցագործությունների բացահայտման աշխատանքների համակարգվածությանը և այլն։ Կառաջարկեի նաև ունենալ առանձին ստորաբաժանում, որը բացառապես կզբաղվեր նախկինում կատարված և այդպես էլ չբացահայտված առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների քննությամբ (նույնը վերաբերում է նաև օպերատիվ-հետախուզական մարմիններին). գաղտիք չէ, որ միևնույն քննիչը կամա, թե ակամա իր համար առաջնահերթ է համարում արդեն իսկ բացահայտված քրեական գործը, քանի որ անհետաձգելի քննչական գործողությունների կազմակերպման պարագայում պարզապես ժամանակ չի մնում մտածելու նաև տարիներ առաջ կատարված հանցագործությունների մասին։ Արդյունքում, մենք ականատեսն ենք այն իրավիճակի, երբ սպանության դեպքերը, որպես կանոն, բացահայտվում են առաջին օրերին, իսկ հետագայում բացահայտումների հավանականությունը, մեղմ ասած, էապես նվազում է։ Իհարկե, այս ամենը կարող է կյանքի կոչվել և հիրավի արդյունավետություն ունենալ միայն և միայն մի պայմանով, որ քաղաքական որևէ ուժ չփորձի այս համակարգը չնչին չափով անգամ վերահսկելի դարձնել, միջամտել անգամ կադրային քաղաքականությանը և այլն. քննչական մարմնի գործունեության երաշխիքը ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅՈՒՆՆ է»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր