1949 դիտում
17:08 21-01-2020
Ամենաաղքատ տնային տնտեսություններում ապրող յուրաքանչյուր 3 դեռահաս աղջիկներից 1-ը երբևիցե դպրոց չի հաճախել. ՅՈՒՆԻՍԵՖ
Այսօր համաշխարհային տնտեսական ֆորումի տարեկան ժողովի, իսկ երեկ՝ կրթության նախարարների Կրթական համաշխարհային ֆորումի աշխատանքների մեկնարկին ընդառաջ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում քաղաքականություն մշակողներին` անդրադառնալ հանրային կրթության ծախսերում այս «ամոթալի» անհամամասնությանը։
21-ը հունվարի, 2020։ Դավոս/Ժնև, Նյու Յորք։ Կրթական համաշխարհային ֆորումին և աշխարհի առաջնորդների՝ Համաշխարհային տնտեսական ֆորումում հավաքվելուն ընդառաջ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրապարակել է նոր ուսումնասիրություն, ըստ որի, աշխարհում ամենաաղքատ տնային տնտեսություններում ապրող դեռահաս աղջիկների յուրաքանչյուր 3-ից 1-ը երբևիցե դպրոց չի հաճախել։
Աղքատությունը, սեռով, հաշմանդամությամբ, էթնիկ ծագումով պայմանավորված խտրականությունը կամ ուսման լեզուն և դպրոցի հեռավորությունը, ինչպես նաև վատ ենթակառուցվածքները այն խնդիրներից են, որ շարունակում են խոչընդոտել ամենաաղքատ երեխաներին որակյալ կրթություն ստանալ։ Կրթության որևէ փուլում չներգրավվելը խթանում է աղքատության շարունակելիությունն ու հանդիսանում համաշխարհային կրթական ճգնաժամի հիմնական շարժիչը։
Ուսումնասիրությունը, որ կոչվում է «Կրթական ճգնաժամի լուծումները․ ամենաաղքատ երեխաների կրթության ֆինանսավորման սուր անհրաժեշտություն», անդրադառնում է կրթական ծախսերի բաշխման հիմնական անհամամասնություններին։ Սահմանափակ և անարդար կերպով բաշխված ֆինանսավորումը դասարաններում մեծաթիվ աշակերտների, անբավարար պրոֆեսիոնալիզմ ունեցող ուսուցիչերի, կրթական նյութերի պակասի և դպրոցների վատ ենթակառուցվածքների պատճառ է դառնում։ Սա իր հերթին բացասաբար է անդրադառնում հաճախելիության, դպրոցներում ընդգրկվածության, ինչպես նաև՝ առաջադիմության վրա։
«Աշխարհում ամենուրեք պետությունները ձախողում են աջակցություն ցուցաբերել ամենաաղքատ երեխաներին, դրանով իսկ ձախողելով իրենք իրենց», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «Քանի դեռ կրթական բնագավառում հանրային ծախսերը անհամամասնորեն ուղղվում են ամենահարուստ տնային տնտեսությունների երեխաներին, ամենաաղքատներն աղքատությունից դուրս գալու, անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու, մրցակցելու, այսօրվա աշխարհում հաջողության հասնելու և իրենց երկրների զարգացմանը նպաստելու շատ քիչ հնարավորություն ունեն»։
42 երկրներից հավաքագրված տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ ամենահարուստ 20 տոկոս տնային տնտեսությունների երեխաների կրթական ծախսերին տրամադրվում է գրեթե կրկնակի ֆինանսավորում, քան ամենաաղքատ 20 տոկոս տնային տնտեսություններում ապրող երեխաներին։
Բարբադոսը, Դանիան, Իռլանդիան, Նորվեգիան և Շվեդիան ուսումնասիրության մեջ ներառված այն եզակի երկրներից են, որ հավասարապես են բաշխում կրթական ֆինանսավորումը ամենահարուստ և ամենաաղքատ քվինտիլների միջև։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին ուղղված հստակ քայլերի կոչ է հղում, այն է՝
Ներքին ռեսուրսները պետք է այնպես բաշխել, որ ամենաաղքատ 20 տոկոսի մեջ ներառված տնային տնտեսություններին բաժին ընկնի կրթությանն ուղղված ֆոնդերի առնվազն 20 տոկոսը։
Առաջնահերթություն տալ կրթության առաջնային մակարդակում հանրային ֆինանսավորմանը․ սա այն մակարդակն է, որտեղ ամենաաղքատ երեխաներն ունեն ներգրավվածության ամենամեծ ցուցանիշը։ Այնուհետև, երբ առաջնային մակարդակում ապահովված է համընդհանուր ծածկույթ, հատկացումներն աստիճանաբար ավելացնել ավելի բարձր կրթական մակարդակում։
Տրամադրել առնվազն մեկ տարվա նախակրթական ուսումնառություն յուրաքանչյուր երեխային։ Նախադպրոցական կրթությունը այն բազան է, որի վրա հիմնված է կրթական յուրաքանչյուր փուլ։ Այն երեխաները, որոնք ստանում են նախադպրոցական կրթություն, ավելի լավ են սովորում և ավելի հավանական է, որ շարունակեն կրթությունը ու հետագայում նպաստեն իրենց տնտեսությունների և հասարակությունների զարգացմանը, երբ չափահաս դառնան։ Երկրում կրթությանն ուղղված բյուջեի առնվազն 10 տոկոսը նախադպրոցական կրթությանը հատկացնելը հնարավորություն կստեղծի կրթության համընդհանուր ծածկույթ ապահովել։
«Մենք վճռորոշ խաչմերուկում ենք։ Եթե հօգուտ երեխաների կրթության խելամիտ և հավասար ներդրումներ կատարենք, նրանց աղքատությունից հանելու ամենահավանական քայլը կկատարանեք՝ տրամադրելով այնպիսի հմտություններ, որոնք կօգնեն նրանց օգտվել թե՛ առկա հնարավորություններից և թե՛ նորերը ստեղծել իրենց համար», - նշել է տիկին Ֆորը։
Իրավիճակը Հայաստանում
Զրոյից հինգ տարեկան երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում կազմել է 33%. քաղաքներում` 38%, գյուղերում` 23%:
Ինչ վերաբերում է Հայաստանում ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաներին, ապա մինչև վեց տարեկան ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաների 0%-ն է հաճախում նախադպրոցական հաստատություն՝ մանկապարտեզ կամ նման կենտրոն։
Ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաների 11%-ը տարրական դպրոց, 48%-ը՝ ավագ դպրոց չի հաճախում, ավելին՝ նրանց 100%-ը կրթությունը չի շարունակում ԲՈՒՀ-ում։
Բարձրագույն կրթական հաստատություններում սովորում են ոչ աղքատ ընտանիքներում ապրող երեխաների 39%-ը, աղքատ ընտանիքներում ապրող երեխաների՝ 26% և ծայրահեղ աղքատ ընտանիքների երեխաների 0%-ը:
Տվյալները Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեի «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» 2019թ․ զեկույցից են։
Նմանատիպ նյութեր
1127 դիտում
23:44 28-05-2020
Աղքատ տնային տնտեսություններում ապրող երեխաների թիվը մինչև տարեվերջ կաճի 86 միլիոնով. ՅՈՒՆԻՍԵՖ
70349 դիտում
23:23 18-09-2018
Տարօրինակ դեպք Գեղարքունիքի մարզում. 54–ամյա հայրը երեխաներին արգելել է դպրոց հաճախել. նա ներկայացրել է պահանջներ
Այս բաժնից
709 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
730 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»