211652_close_icon
views-count1130 դիտում article-date 23:44 28-05-2020

Աղքատ տնային տնտեսություններում ապրող երեխաների թիվը մինչև տարեվերջ կաճի 86 միլիոնով. ՅՈՒՆԻՍԵՖ

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Սեյվ դը Չիլդրենի կողմից այսօր հրապարակված վերլուծության տվյալների, կորոնավիրուսային համավարակի՝ տնտեսությանը հասցված հետևանքների պատճառով մինչև տարեվերջ գեթե 86 միլիոն երեխա կարող է հայտնվել աղքատ տնային տնտեսություններում՝ գրանցելով ցուցանիշի 15 տոկոսանոց աճ: Վերլուծության մեջ ընդգծվում է, որ, եթե հրատապ քայլեր չձեռնարկվեն ընտանիքներին համավարակի պատճառով հասցված ֆինանսական դժվարություններից պաշտպանելու համար, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում աղքատության ստորին գծից ցածր ապրող երեխաների ընդհանուր թիվը կարող է հասնել 672 միլիոնի: Եվրոպական և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի բոլոր երկրներում կարող է նկատվել առավելագույն՝ մինչև 44 տոկոս աճ: «Կորոնավիրուսային համավարակը աննախադեպ սոցիալ-տնտեսական ճգնաժամ է ստեղծել, որ կլանում է ընտանիքների ֆինանսական ռեսուրսներն ամբողջ աշխարհում»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Ընտանիքների համար ֆինանսական դժվարությունների ծավալն ու խորությունը սպառնում են ի չիք դարձնել երեխաների աղքատության նվազեցմանն ուղղված տարիների առաջընթացը` նրանց թողնելով առանց անհրաժեշտ ծառայությունների։ Առանց թիրախավորված գործողությունների, հազիվ ծայրը ծայրին հասցնող ընտանիքները կարող են հայտնվել աղքատության մեջ, իսկ ամենաաղքատ ընտանիքները կարող են տարիներով չնկատվող զրկանքներ կրել»: Մինչև համավարակը, ամբողջ աշխարհում երեխաների երկու երրորդին հասանելի չէր սոցիալական պաշտպանության որևէ մեխանիզմ՝ հնարավորություն չտալով ընտանիքներին դիմակայել ֆինանսական ցնցումներին և սեղմելով սերնդեսերունդ փոխանցվող աղքատությանը արատավոր օղակը: Հարյուր միլիոնավոր երեխաներ շարունակում են ապրել բազմաչափ աղքատության մեջ, ինչը նշանակում է չունենալ բուժօգնության, կրթության, պատշաճ սնուցման կամ համապատասխան բնակարանային պայմաններ, ինչը հաճախ կառավարությունների կողմից սոցիալական ծառայության ոլորտում անբավարար ներդրումների հետևանք է: Հակամարտությունների և ռազմական գործողությունների հետևանքով տուժած երկրներում ապրող երեխաների համար այս ճգնաժամը հետագայում էլ ավելի կմեծացնի նաև սոցիալական անկայունության ռիսկը և տնային տնտեսությունների՝ աղքատության մեջ հայտնվելու վտանգը։ Որպեսզի աղքատ տնային տնտեսություններում ապրող երեխաների վրա կորոնավիրուսի ազդեցությունը նվազի և վերանա, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Սեյվ դը Չիլդրենը կոչ են անում հրատապ և լայնամասշտաբ սոցիալական պաշտպանության մեխանիզմներ և ծրագրեր ներդնել, այդ թվում՝ դրամական փոխանցումներ, դպրոցական սնունդ և երեխայի խնամքի նպաստներ։ Սրանք բոլորը խիստ անհրաժեշտ ներդրումներ են, որ կարող են բավարարել ամենահրատապ ֆինանսական կարիքները և պետությունների համար հիմք ստեղծել հետագա հարվածքներին դիմակայելու համար։ Ընտանիքներին աջակցելու համար պետությունները պետք է նաև ներդրումներ կատարեն սոցիալական պաշտպանության, հարկաբյուջետային քաղաքականության, աշխատանքի և զբաղվածության ոլորտներում: Սա կարող է ներառել որակյալ առողջապահական և այլ ծառայությունների համընդհանուր հասանելիության ընդլայնում, ներդրումներ հօգուտ ընտանիքահեն քաղաքականության, ինչպիսին, օրինակ, վճարովի արձակուրդն է և երեխաների խնամքին ուղղված ծառայությունները։ Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված մի շարք երկրներ արդեն իսկ ընդլայնել են իրենց սոցիալական պաշտպանության ծրագրերը: Օրինակ՝ Ինդոնեզիայում Kartu Sembako ծրագիրը, որ ամսական դրամական աջակցություն է տրամադրում ընտանիքի սպառման հիմնական ապրանքների համար, ընդլայնվել է՝ հասանելի դառնալով 20 միլիոն բնակչի: Ընտանիքներին տրամադրվող ամսական դրամական աջակցությունն աճել է՝ 150 հազարից հասնելով 200 հազար ինդոնեզական ռուպիի։ Արգենտինայում Երեխաների համընդհանուր նպաստ ծրագրի շրջանակում տրվող նպաստը ներկայիս շահառուների համար ավելացել է 3,100 արգենտինական պեսոյով (47 ԱՄՆ դոլար)։ Վրաստանում Նպատակային սոցիալական օգնության ծրագիրը ժամանակավորապես կընդլայնվի՝ լրացուցիչ 70,000 ընտանիքների աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաև՝ 6 ամսվա կտրվածքով ամսական լրացուցիչ 100 լարի (31 ԱՄՆ դոլար) կտրամադրի 21 000՝ երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքների։ Հայաստանում ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքները կստանան աջակցություն իրենց տրամադրվող նպաստի 50 տոկոսի չափով։ Կոլումբիայում կառավարությունը ստեղծել է Եկամուտների համերաշխության ծրագիրը` դրամական փոխանցումներ տրամադրելու այն տնային տնտեսություններին, որոնք ներկայումս նպաստ չեն ստանում կառավարության ազգային որևէ ծրագրից: Մայիսի 21-ի դրությամբ ավելի քան 2 միլիոն խոցելի ընտանիքներ ստացել են 320,000 պեսոյի դրամական փոխանցում (81 ԱՄՆ դոլարին համարժեք) մարտ և մայիս ամիսներին կատարված երկու հավասարաչափ վճարումների միջոցով:

Նմանատիպ նյութեր