211652_close_icon
views-count1807 դիտում article-date 15:00 09-01-2020

2020-ին հայ ընթերցողի դատին կհանձնվեն յուրահատուկ հրատարակություններ

Ամբողջ 2020 թվականի ընթացքում հայ ընթերցողները հնարավորություն կստանան մայրենիով ընթերցել յուրահատուկ ու բազմազան գրքեր: «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ այս տարի ընթերցողների սեղանին կդրվեն դասական և ժամանակակից հեղինակների բացառիկ նմուշների հայերեն թարգմանությունները: Մասնավորապես, մինչև ընթացիկ ամսվա ավարտը ընթերցողներին կներկայացվի ամերիկացի բիզնեսմեն, Nike ընկերության հիմնադիր, մագնատ, բարերար, Forbes-ի կողմից աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում հայտնված Ֆիլ Նայթի «Կոշկավաճառը» գիրքը New York Times-ի այս բեսթսելերը ներկայացնում է Nike ընկերության հիմնադրի անցած ուղին: Նրա անցած ճանապարհը լի էր փորձություններով ու դժվարություններով, սակայն Նայթը կարողացավ այդ բոլոր փորձությունները պատվով հաղթահարել: Մեծանուն բարերարներ Քըրք Քըրքորյանին և Գալուստ Գյուլբենկյանին նվիրված գրքերի լույսընծայումից հետո հաջորդ բարերարը, ում մասին հրատարակչությունը գիրք կներկայացնի, նշանավոր բարերար, «նավթի արքա» Ալեքսանդր Մանթաշյանցն է: Վերջինս իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թվականին Մանթաշյանը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։ Այս տարի ընթերցողներին վերջապես հասանելի կլինի ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Միջնաբերդ» ստեղծագործությունը: Այն «Փոքրիկ իշխանը» գրքի հեղինակի ամենասիրելի ու վերջին գործն է: Էքզյուպերիի այս ստեղծագործությունն անավարտ է մնացել: Հայերեն թարգմանությամբ ընթերցողի դատին կհանձնվի նաև հայտնի գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Սև կոթողը»: Վեպը ներկայացնում է Գերմանիան 1920-ական թվականների սկզբներին: Այդ ժամանակաշրջանը հայտնի էր հիպերինֆլացիայով և աճող նացիոնալիզմով: Այս վեպն առաջին անգամ է հրատարակվելու բնագրային ամբողջական թարգմանությամբ: Դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստիի ստեղծագործություններն առաջին անգամ հեղինակային իրավունքով և հայերեն թարգմանությամբ դրվելու են ընթերցողի սեղանին: 2020-ի ընթացքում հայ գրքասերը Քրիստիից ևս 5 ստեղծագործություն կընթերցի: Հայերեն թարգմանությամբ լույս կտեսնեն նաև նոն ֆիքշն՝ բիզնես և մոտիվացիոն մի շարք գրքեր, որոնք օգնել են միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական և անձնական կյանքում: Մանուկներին ևս սպասվում են անակնկալներ՝ հեքիաթների ժողովածուների տեսքով: Տարին գրքառատ է լինելու, և հայ ընթերցողները հետաքրքիր գրքերի պակաս չեն ունենա: Հրատարակչությունն ընթերցողներին մատուցելու է նաև այլ անակնկալներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր