211652_close_icon
views-count1778 դիտում article-date 11:13 13-12-2019

Պետական համակարգը չի կարող լինել ՀՀՇ-ական, ՀՀԿ-ական կամ նիկոլական․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհեց պետական համակարգից՝ արձանագրելով, որ այն, իր ամբողջության մեջ, դիմադրում է հեղափոխությանը: Որպես զուտ փաստի արձանագրում՝ այստեղ վիճելու տեղ առանձնապես չկա՝ կարծում եմ, Հայաստանի քաղաքացիների մեծ մասը համամիտ է Փաշինյանի երեկ արտահայտած տեսակետի հետ: Նկատենք, սակայն, որ այդ փաստն արձանագրում է ոչ թե անկախ փորձագետը, դիտորդը կամ մեկնաբանը, այլ այդ նույն համակարգի գլխին կանգնած բարձրագույն պաշտոնյան: Հիշեցնենք, որ նախարարներին, փոխնախարարներին, ոստիկանապետին, ԱԱԾ պետին և բազմաթիվ այլ պաշտոնյաներին, ըստ էության, նշանակում է վարչապետը: Ահա այդ պաշտոնյաներն են, որ պետք է կերտեն հեղափոխության գաղափարները կրող և ոչ թե դիմադրող պետական համակարգ: Եթե վերը թվարկած պաշտոնյաները չեն համապատասխանում այդ պահանջին, ապա, ինձ թվում է, տեղին է բողոքել այդ պաշտոնյաներին նշանակողից: Ի դեպ, պատահական չեմ համարում, որ արդեն գրեթե երկու ամիս է՝ ոստիկանությունը և ԱԱԾ-ն ղեկավարում են ժամանակավոր պաշտոնակատարներ: Պարզ է, որ սովորական ոստիկանը կամ «գեբիստը» կլինի նույն պահպանողական պետական համակարգի ջատագովը, իսկ «ոչ սովորականը» կարող է ժամանակի ընթացքում քաղաքական գլխացավանք առաջացնել: Իմ պատկերացմամբ՝ պետական համակարգը չի կարող լինել ՀՀՇ-ական, ՀՀԿ-ական կամ նիկոլական. դա քաղաքականապես չեզոք գործիք է, որը կարելի է օգտագործել հօգուտ կամ ի վնաս հասարակության: Այո, գործիքը ծանր է, դանդաղաշարժ, իներցիոն: Բայց այդ համակարգն առնվազն պետք է հասկանա, թե ինչ է քաղաքական ղեկավարությունն իրենից ուզում: Եթե միակ ուղերձը չգողանալն է, ապա այն հիմնականում կատարվում է (չնայած կան խելապակաս պաշտոնյաներ, որոնք շարունակում են կաշառք վերցնել): Բայց եթե ամեն մի օղակին, ամեն մի բյուրոկրատին հստակ հրահանգ չտրվի, թե ինչպե՞ս, ո՞ր ուղղությամբ նա պետք է փոխվի, կլինի լճացում կամ, որը նույնն է՝ դիմադրություն: Ինչում է դա արտահայտվում՝ դրա մասին էլ է վարչապետը մասամբ խոսել երեկվա նիստում: Համակարգի տրամաբանությունը բխում է արդեն եղած, փորձված, «յուղած» մեխանիզմից՝ առանց «ատկատների», առանց ՔԿՀ-ներում «զոն նայողների», առանց թփերում պախկված «գայիշնիկների», առանց օլիգարխների «բարեգործությունների» և այլ նմանատիպ բաների՝ «տարբերակ չկա»: Եթե այդպես է, ապա չարժեր հեղափոխություն անել: Բայց ես համոզված եմ, որ իրականում «տարբերակ կա»՝ ապրում են. չէ՞, այդ ամենը մերժած զարգացած եվրոպական ազգերը: Պարզապես ես չգիտեմ, թե ինչպես է հնարավոր ազատվել արատավոր «տարբերակներից»: Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը գիտի՞»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր