211652_close_icon
views-count952 դիտում article-date 18:26 12-12-2019

ԱԺ-ն միաձայն վավերացրեց Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին կոնվենցիան

ՀՀ Ազգային ժողովը միաձայն վավերացրեց «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված): «[url=https://armenpress.am/arm/news/998690.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում այս մասին հարցը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: «Փաստաթուղթը ստորագրվել է 1988 թվականի հունվարի 25-ին՝ Ստրասբուրգում: Կոնվենցիան մշակել են Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպությունն ու Եվրոպայի Խորհուրդը: 2010 թվականին այն լրամշակվել է համապատասխան Արձանագրությամբ: Կոնվենցիան ստորագրել է ավելի քան 100 երկիր»,- ասաց նախարարի տեղակալը: Արման Պողոսյանի խոսքով` կոնվենցիայի հիմնական նպատակը միջազգային համագործակցության համար բարենպաստ պայմանների ստեղծումն է: Կողմերը միմյանց տրամադրում են հարկային հարցերով վարչական աջակցություն, որն ընդգրկում է տեղեկությունների փոխանակում, աջակցությունը բռնագանձման, այդ թվում՝ ապահովման միջոցների կիրառման հարցում և փաստաթղթերի հանձնում: Վարչական աջակցություն է տրամադրվում անկախ տվյալ անձի՝ այդ կողմի կամ որևէ այլ պետության ռեզիդենտ կամ քաղաքացի լինելու հանգամանքից: Կոնվենցիան ներառում է հարկային համագործակցության գրեթե բոլոր ձևերը՝ հարկային պարտավորությունների գնահատում, հավաքագրում, հարկերից խուսափելու և հարկեր չվճարելու դեմ պայքարի մեխանիզմների մշակում, տեղեկությունների փոխանակում և այլն: «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) վավերացնելու մասին հարցն ընդունվեց միաձայն՝ 106 կողմ ձայնով:

Նմանատիպ նյութեր