Իրանական միջուկային գործարքի երաշխավոր երկրները կրկին կոչ են արել Թեհրանին պահպանել ստանձնած պարտավորությունները
Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտգործանախարարները հայտարարել են, որ վճռական են տրամադրված և ջանք չեն խնայի Իրանի միջուկային ծրագրի հարցում առաջացած տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով հարթելու հարցում։
«Չափազանց կարևոր է հասնել համաձայնագրի լիակատար իրականացմանը։ Իրանը պետք է անհապաղ վերադառնա գործարքի շրջանակներում իր ստանձնած պարտավորություններին։ Մենք հաստատում ենք համաձայնագրի պահպանման հարցում մեր հավատարմությունը»,-ասված է կոմյունիկեում, որը տարածվել է նոյեմբերի 30-ին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ից Իրանը սկսել է Ֆորդո ռազմավարական օբյեկտում տեղադրված ցենտրիֆուգներն ակտիվորեն լիցքավորել, ինչը փաստացիորեն նշանակում է միջուկային գործարքի համաձայնագրի խախտում։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ 2018 թ-ի մայիսի 8-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս համաձայնագրից և նավթային ոլորտում պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ։