3559 դիտում
11:28 12-11-2019
Կարևոր է նորարարությունների զարգացման ինտեգրումը տնտեսության մնացած ճյուղեր․ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ՀՊՏՀ-ում կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած «Բարձր տեխնոլոգիաների զարգացումը և Հայաստանի տնտեսության մրցունակությունը» թեմայով կլոր սեղան-քննարկմանը՝ կազմակերպված Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի և ԱՐՓԱ (Analysis, Research and Planning for Armenia) հիմնարկի (ԱՄՆ) կողմից:
Քննարկմանը մասնակցել են Համաշխարհային բանկի, գործադիր իշխանության, միջազգային կառույցների, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, ՀՊՏՀ գիտնականներ և դասախոսներ։
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին մասնակցության համար, իր խոսքում նշել է․ «Ինչպես գիտենք, Հայաստանի Հանրապետությունը տեխնոլոգիաների զարգացումը համարում է գերակա ճյուղ, սակայն հարց է ծագում, թե որքանով են այսօր Հայաստանում արտադրված տեխնոլոգիաները նպաստում մեր տնտեսության զարգացմանը։ Արդյո՞ք արտադրված տեխնոլոգիաները ինտեգրվում են հենց մեր տնտեսությունում, և արդյո՞ք մենք կարողանում ենք լիարժեք օգտագործել տնտեսության առանձին ճյուղերի՝ արդյունաբերության, գյուղատնտեսության ու այլ ոլորտներում նորարությունների, նանոտեխնոլոգիաների, գիտության այլ նվաճումների ներդրման և դրանց խթանների կիրառման հնարավորությունները», - իր խոսքում ասել է բուհի ղեկավարը՝ նախանշելով քննարկման թեման:
Տիգրան Խաչատրյանը, կարևորելով քննարկման շրջանակը և ընտրված ձևաչափը, իր ելույթում նշել է․«Չափազանց կարևոր է բարձր տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում, բայց մրցունակ տնտեսություն ունենալու համար ոչ պակաս կարևոր է նորարարությունների զարգացման ինտեգրումը տնտեսության մնացած ճյուղեր: Այս քննարկումն առիթ կլինի ծանոթանալու այն այլընտրանքային տեսակետներին, որոնք պետք են մեր ամենօրյա համագործակցությունն ուժեղացնելու և մեր առաջիկա անելիքներն ավելի հասցեական և արդյունավետ դարձնելու համար»։ Նախարարն անդրադարձել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթություններին, ոլորտում առկա միտումներին, ինչպես նաև պետական աջակցության առանձնահատկություններին: Նա առաջարկել է նախատեսվող աշխատանքային խմբի հետ համագործակցել ավելի ակտիվ՝ փորձելով նախանշել և քննարկել ՀՀ տնտեսության մրցունակության վրա ազդող հիմնական խնդիրները։
Քննարկմանը ելույթներով հանդես են եկել նաև․ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը՝ խոսելով բարձր տեխնոլոգիաների զարգացման և Հայաստանի մրցունակության խնդիրների մասին, ՀՊՏՀ Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Ատոմ Մարգարյանը՝ «Ռենտագոյացնող տնտեսությունից անցում ինովացիոն տնտեսություն» թեմայով զեկուցմամբ և «ԱՐՓԱ» հիմնարկի նախագահ Հակոբ Փանոսյանը, որը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես նանոտեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի տնտեսության բարձր ներուժը, ինչպես նաև ղեկավարած կառույցի կողմից Հայաստանում իրականացվող միջոցառումներն ու մրցույթները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
916 դիտում
17:37 29-05-2015
Վիգեն Քոչարյանը մասնակցել է Ռուսաստանի միջազգային իրավունքի ասոցիացիայի կլոր–սեղան քննարկմանը