211652_close_icon
views-count1148 դիտում article-date 10:51 07-11-2019

Ցանկալի է, որ ցեխ չշպրտվի այն ամենի վրա, որոնք թանկ են բոլորիս համար․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վազգեն Մանուկյանի մասին կարելի է ասել բազմաթիվ լավ և բազմաթիվ վատ բաներ, ինչպես յուրաքանչյուր մարդու, առավել ևս՝ քաղաքական գործչի մասին: Եթե փորձենք հատկապես վատը փնտրել, ապա կարելի է արձանագրել, որ նա մի շարք ԱԺՄ-ական, դաշնակցական, ՍԻՄ-ական և 1990-ականների առաջին կեսի այլ ընդդիմադիրների հետ ատելության խոսքի, այսպես ասած, «համահիմնադիրն» է, և այդպիսի խոսքը, ցավոք, դարձավ մեր քաղաքական մշակույթի առանձնահատկություններից մեկը: Եթե քաղաքական պայքարի հիմքում ընկած է այն կանխավարկածը, որ քո ընդդիմախոսը «թուրք» է, «դավաճան» է և այլն, ապա դա ուղիղ ճանապարհ է բացում բռնության, բռնության քարոզի և դրա արդարացման համար: Ընդհուպ մինչև զանգվածային պսիխոզը, երբ հասարակության մեծամասնությունն արդարացնում էր ոստիկանական գնդի վրա զինված հարձակումը և ոստիկանների սպանությունը: Վազգեն Մանուկյանի մասին կարելի է ասել նաև լավ բաներ. «Ղարաբաղ» կոմիտեի առանցքային դեմքերից մեկը, որը պայքարը տարավ ճիշտ, Արցախի համար բարենպաստ ճանապարհով, Երրորդ հանրապետության հիմնադիրներից մեկը՝ պետություն, որը, անկախ բոլոր լրջագույն խնդիրներից, շանսեր ունի կայանալու: Պատերազմի և ներքաղաքական ճգնաժամի պայմաններում նա նշանակվել էր պաշտպանության նախարար, և իր գործը կատարել էր պատվով: Հուսով եմ, պատմաբաններն այդ ամենը կվերլուծեն ավելի անաչառ և մանրակրկիտ ձևով: Բայց իշխանության ներկայիս զանգվածային հարձակումը Վազգեն Մանուկյանի վրա՝ կապ չունի նրա վաստակի կամ թերացումների հետ: Քարոզչության հիմքում ընկած է այսօրվա քաղաքական իրավիճակը և վերջին ժամանակներս այդ գործչի կատարած մի շարք քայլերը: 1/ Ի թիվս այլ գործիչների՝ նա նամակ է ստորագրել ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի: 2/ Վազգեն Մանուկյանը հիմնել է կամ հիմնում է «Վերնատուն» հասարակական կազմակերպությունը, որն, ըստ ամենայնի, իշխանության փառաբանմամբ չի զբաղվի: 3/ Հանրային խորհուրդը թեև իր նշանակությամբ չի համեմատվի Սահմանադրական դատարանի հետ, այնուամենայնիվ, այդ երկու պետական մարմինների ղեկավարների ինքնուրույնությունը նյարդայնացնում է իշխանավորներին: Այդպիսով, ՍԴ «ճգնաժամի» կողքին առաջացել է ՀԽ «մինի-ճգնաժամ»: Մի խոսքով, սովորական քաղաքական պայքար է՝ ոչ մի արտառոց բան չկա: Պարզապես շատ ցանկալի է, որ այդ՝ այսրոպեական խնդիրների քննարկման ընթացքում կատարվող պատմական էքսկուրսների ժամանակ ցեխ չշպրտվի այն ամենի վրա, որոնք թանկ են բոլորիս համար, անկախ քաղաքական հայացքներից՝ պետություն, Արցախ, բանակ: Մնացած «դարակազմիկ բացահայտումները» երկու-երեք օրից կմոռացվեն»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր