211652_close_icon
views-count7006 դիտում article-date 14:04 07-01-2021

Պատմության ընթացքում եկեղեցուց արտաքսվել ու դուրս են դրվել այնպիսի անձեր, որոնք ավելի նվազ վնաս են հասցրել երկրին, քան այն անձը, որն այս ամենի թիվ մեկ պատասխանատուն էր․ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Չափազանց տխուր մտածումներով ենք պաշարված, բայց Սուրբ ծննդյան լույսը լավատեսություն է ներշնչում մեզ․ այս մասին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռի դիվանապետ գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Նա լիահույս է, որ մղձավանջը, տկարությունը և ողբերգությունը կհաղթահարենք: Անդրադառնալով փաստին, որ երեկ մատուցվել է Սուրբ ծննդյան պատարագ, սակայն պաշտոնական վերնախավը ներկա չէր, հոգևորականն ասաց, որ այսօրվա իրավիճակով պայմանավորված՝ հրավերներ և շնորհավորանքներ չեն ուղղել Սուրբ ծննդյան առիթով և սպասում չեն ունեցել, որ երկրի բարձրաստիճան ղեկավարությունը պետք է մասնակցեր պատարագին: «Դա իրենց որոշումն է եղել, մենք եկեղեցու մուտքը ոչ մեկի առջև չենք փակում: Ես չեմ կարող որևէ բացատրություն տալ այդ առնչությամբ: Համենայն դեպս եկեղեցին այն հաստատությունը չէ, որ որևէ մեկը կարող է մտածել արհամարհանք դրսևորել: Արհամարհանքը վերադարձվում է»,- ասաց հոգևորականը: Մեկնաբանելով եկեղեցու դեմ սկսված արշավը՝ ի պատասխան կաթողիկոսի կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու և Սիսիանում հոգևորականի կողմից Նիկոլ Փաշինյանի ձեռքսեղմանը չպատասխանելուն, գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ասաց, որ ինքը ևս պահանջել է վարչապետի հրաժարականը: «Դա չպետք է դիտարկել անձի նկատմամբ վերաբերմունքի արտահայտություն: Դա պետք է դիտարկել Հայաստանում ստեղծված վերջին ճգնաժամային իրավիճակի մեջ երկրի թիվ մեկ պատասխանատուի ունեցած թերությունների, անկարողության հետևանք: Այս առումով է, որ մենք այդպիսի պնդում կատարել ենք»: Հոգևորականի խոսքով, մեր պատմության ամբողջ ընթացքում եկեղեցուց արտաքսել ու դուրս է դրել այնպիսի անձերի, որոնք շատ ավելի նվազ վնաս են հասցրել երկրին, ժողովրդին, քան այդ իրավիճակում այն անձը, ով կրում է թիվ մեկ պատասխանատվությունն այս գործընթացների համար: «Չափազանց անհասկանալի կլիներ, եթե եկեղեցին որպես դիտորդ մնար այս իրավիճակում: Դա հանրային ընկալման տեսանկյունից, իսկ ինչ վերաբերում է մեր համոզումներին, ուղղակի հնարավոր չէր չարձագանքել այդ երևույթին: Հետևաբար ես շատ բնական եմ համարում մեր եկեղեցու, առավել ևս՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի արձագանքն այս իրավիճակին՝ վարչապետի հրաժարականի պահանջումով»:

Նմանատիպ նյութեր