211652_close_icon
views-count3105 դիտում article-date 11:07 06-11-2019

Հասարակության մեծ մասը կողմ է «ջիհադին», հավատաքննությանը, միջնադարյան խարույկներին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ընկերներիցս մեկը հարցնում է՝ բա որ երիտասարդների մի խումբ որոշի «պերֆորմանս» կազմակերպել, որի ընթացքում մասնակիցները զբաղվելու են սեքսով, դա է՞լ է պետք ընդունել: Իմ պատասխանն է՝ ոչ: Եթե որեւէ խումբ որոշի նման բան անել, մենք բոլոր հիմքերը կունենանք այդ խմբի մասնակիցներին դատի տալու, որովհետեւ պոռնոգրաֆիան Հայաստանում արգելված է օրենքով: Ավելին՝ եթե կան քաղաքացիներ, որոնք աղմուկ հանած ներկայացման մեջ տեսնում են պոռնոգրաֆիա կամ օրենքով արգելված որեւէ այլ դրսեւորում, նրանք դարձյալ կարող են դիմել դատարան, որը փորձագետների օգնությամբ կկայացնի իր վճիռը: Ազատության սահմանը մեկն է՝ պետության օրենքները: Ընդհանրապես, ես կարծում եմ, որ կարծիք ունենալու եւ արտահայտելու, ինչպես նաեւ մնացած բոլոր ազատությունները պետք է զուգորդվեն կոշտ եւ անողոք օրինապաշտությամբ թե՛ պետական մարմինների եւ թե՛ հասարակական մակարդակով: Կան մարդիկ, որոնց, օրինակ, տրանսվեստիտները դուր չեն գալիս, բայց քանի դեռ վերջիններս օրենքով արգելված որեւէ քայլի չեն դիմել, ոչ ոք իրավունք չունի պետությունից պատժիչ գործողություններ պահանջել: Ազատությունը եւ օրինապաշտությունն իրար հակակշռող նժարներ են. առանց առաջինի՝ հաստատվում է բռնապետություն, առանց երկրորդի՝ անարխիա: Օրինապաշտության տակ (բառը գուցե սխալ է ընտրված) ես հասկանում եմ «արդյունավետ եւ անաչառ քննչական մարմիններ – նրանց գործունեությունը հալած յուղի տեղ չդնող դատախազություն – անկախ դատարաններ – հասարակության բարձր իրավագիտակցություն» շղթան: Մեզանում իրավիճակը գլխիվայր շուռ է տված: Հասարակության մեծ մասը կողմ է «ջիհադին», հավատաքննությանը, միջնադարյան խարույկներին՝ այն երեւույթների հանդեպ, որոնք նա համարում է «անբարոյականություն», «շեղվածություն», «սատանիզմ», բայց չափազանց մեղմ է վերաբերվում կաշառակերությանը, խարդախությանը, հարկեր չվճարելուն, սուտ խոսելուն, աշխատանքի տեղը «գլուխ պահելուն» եւ այլն: Իսկ պետք է լինի հակառակը՝ մարդկանց անձնական կյանքում, ինքնարտահայտման մեջ կատարյալ ազատություն, իսկ օրենքների կիրառման հարցում՝ խիստ եւ ոչ ներողամիտ վերաբերմունք: Սերնդափոխության հետ իրավիճակն էլ է կամաց-կամաց փոխվում: Երբ գիշերվա ժամը 2-ին մարդիկ հրավառություն են անում. լեղաճաք են անում ամբողջ թաղը, նաեւ ծծկեր երեխաներին, դա օրենքի խախտում է, լկտիություն է եւ արհամարհանք հարեւանների նկատմամբ: Բայց իմ սերնդից քչերն են, որ այդ պարագայում կզանգեն ոստիկանություն եւ կհասնեն նրան, որ մեր հանգիստը խանգարողներին տուգանեն, ինչպես ասում են, օրենքի տառին համապատասխան: Մենք առաջնորդվում ենք «բա ո՞ւր մնաց մարդկությունը», «բա հարեւանը հարեւանին վատություն կա՞նի» սին պատճառաբանություններով: Հաջորդ սերունդն այդ անիմաստ կարծրատիպերից զերծ է, եւ ոստիկանություն զանգելու հարցում կաշկանդվածություն չունի: Դա որոշակի լավատեսության հիմքեր է տալիս: Իրավագիտակցությունը վերը հիշատակած շղթայում առաջնակարգ դեր է խաղում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր