3095 դիտում
11:03 26-10-2019
«Հոկտեմբերի 27-ի» համատեքստը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «1999 թվականի հոկտեմբերի 27-ին ես Լոնդոնում էի: Ինձ հարցազրույցների կանչած բրիտանացի լրագրողները «կպած» ուզում էին ինձնից լսել, որ ահաբեկչությունը կազմակերպել են ռուսաստանյան հատուկ ծառայությունները: Թեև ես որոշակի կասկածներ ունեի և ունեմ, թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա չեմ կարող պնդել որևէ վարկած: Բայց ահաբեկչության մանրակրկիտ նախապատրաստությունը, հասարակության մեջ համապատասխան հոգեբանական մթնոլորտի շիկացումը, ինչպես նաև բուն ահաբեկիչների հետ տարված բազմակողմանի աշխատանքը վկայում են, որ առանց բարձր պրոֆեսիոնալների ուղղորդման ոճրագործությունը տեղի չէր ունենա:
«Հոկտեմբերի 27»-ի ներքաղաքական համատեքստը հայտնի է: Այդ տարի տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներն ընդհանուր առմամբ ընդունելի էին Հայաստանի քաղաքացիների մեծ մասի համար: Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի ղեկավարած «Միասնություն» դաշինքն ուներ լեգիտիմության զգալի պաշար: Գերտերություններից ո՞ւմ էր դա ձեռնտու: Ինձ թվում է` ոչ մեկին: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա դրանք շահագրգռված են, որ Հայաստանում լինի ոչ լեգիտիմ, խոցելի իշխանություն, որովհետև նման իշխանությունն ավելի հեշտ է մանիպուլյացիայի ենթարկվում: «Միասնություն» դաշինքի լիգիտիմությունը ձեռնտու չէր նաև Ռոբերտ Քոչարյանին, որը 1998 թվականի նախագահական ընտրություններից հետո լեգիտիմության խնդիր ուներ:
Արտաքին քաղաքական համատեքստը նույնպես հայտնի է: Այդ պահին քննարկվում էր ղարաբաղյան կարգավորման այսպես կոչված «Մեղրիի տարբերակը», որը ենթադրում էր, որ Հայաստանը ստանում է սուվերենություն Արցախի նկատմամբ, բայց փաստացի մեկուսացվում է Իրանից: (Ինձ թվում է, դա կարգավորման տարբերակներից ամենավատն էր): Այդ նախագիծը, ինչպես հայտնի է, իր «ծագումնաբանությամբ» ամերիկյան էր: Հոկտեմբերի 27-ի առավոտյան նախագահական նստավայրում հանդիպում էր տեղի ունենում ամերիկացի դիվանագետների պատվիրակության հետ՝ պետքարտուղարի տեղակալ Ստրոբ Թելբոթի գլխավորությամբ, բանակցություններին մասնակցում էին Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը և Վարդան Օսկանյանը:
Ահա թե ինչպես է այդ հանդիպումից հետո իր և Վազգեն Սարգսյանի տրամադրությունը նկարագրում Քոչարյանն իր գրքում. «Երկուսիս տրամադրությունն էլ բարձր էր: Վազգենը նույնիսկ ոգևորված էր: Նոր գաղափարներն ու միջնորդների վերաբերմունքը դրանց կարգավորման հարցում լրջորեն առաջ գնալու իրական հնարավորություն էին բացում»: «Վազգենի ոգևորության» մասին տեղեկությունն ինձ թույլ տամ կասկածի տակ դնել, որովհետև բազմաթիվ այլ վկայություններ կան, որ Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կտրականապես դեմ էին «Մեղրիի տարբերակին»: Իսկ ինչպե՞ս էր դրան վերաբերվում Ռուսաստանը: Քոչարյանը նույն գրքում նշում է, որ Ելցինը դրան «լիակատար աջակցություն» էր հայտնել:
Մի խոսքով, ասել, թե ո՛ր երկրի հատուկ ծառայություններն էին կազմակերպել «հոկտեմբերի 27-ը», այս պահիս հնարավոր չէ: Մի բան է հստակ՝ դա բացահայտելը «ուչաստկովիի» գործ չէ»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1803 դիտում
10:37 23-05-2019
Կարևորն այստեղ ոչ այնքան բուն տեքստն է, որքան դրա քաղաքական համատեքստը․ «Առավոտ»
3891 դիտում
10:05 28-09-2017
Ովքե՞ր են կտրել Նալբանդյանի համատեքստը. «Ժամանակ»
2936 դիտում
17:57 03-10-2017
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 2-ից հոկտեմբերի 3-ը)
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»