211652_close_icon
views-count7684 դիտում article-date 17:51 29-09-2019

Արծրուն Հովհաննիսյան. ՀՀ զինված ուժերի կազմում նախատեսվում է ստեղծել նոր հատուկ միավոր

Սեպտեմբերի 30-ին, ժամը 11:00-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ը (FAST) և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամը կստորագրեն փոխըմբռնման հուշագիր, որով ազդարարվում է «1991 ստորաբաժանումի» ստեղծումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Փոխըմբռնման հուշագիրը կստորագրեն Դավիթ Տոնոյանը (ՀՀ ՊՆ), Արմեն Օրուջյանը (FAST), Լևոն Պետրոսյանը («Հայ Տեք»): «1991 ստորաբաժանում» ծրագրի նպատակն է ապահովել զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շարունակական կրթության, բազմակողմանի զարգացման, մասնագիտական հմտությունների յուրացման հնարավորությունները: Նախատեսվում է ՀՀ զինված ուժերի կազմում ստեղծել նոր հատուկ միավոր, որի գործունեության արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ինչպես ամենօրյա, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական նախագծեր և վերլուծություններ: «1991 ստորաբաժանման» զինծառայողները ձեռք կբերեն հիմնարար և գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ զորացրվելուց հետո հնարավորություն կունենան. • անցնել աշխատանքի հենց ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում՝ շարունակելով կիրառել իրենց ստացած գիտելիքները և զարգացնել դրանք, • աշխատանք գտնել առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններում, • ընդգրկվել գիտահետազոտական լաբորատորիաների աշխատանքներում: Հուշագրով FAST հիմնադրամին վերագրված է ծրագրի բովանդակային աջակցության իրագործումը: FAST-ը կսկսի նախազորակոչային տարիքում գտնվող անձանց տվյալագիտության և արհեստական բանականության բնագավառների նախապատրաստական դասընթացներ, ինչի արդյունքում զորակոչիկներն առավել պատրաստված կլինեն «1991 ստորաբաժանում»-ում ծառայություն անցնելու համար: FAST-ը նաև կզբաղվի ուսումնական դասընթացների մշակմամբ և կազմակերպմամբ, հետազոտությունների իրականացմամբ և նախագծերի կառավարմամբ: Ծրագրի ժամանակացույցի համաձայն, առաջին երկու տարիների ընթացքում կստեղծվի զորակոչիկների կարողությունների առավելագույն օգտագործման և զարգացման կայուն մեխանիզմ: Երեք տարվա ընթացքում նախատեսվում է ծրագրի մասնակիցների թիվը հասցնել 300-ի, իրականացնել մի քանի գիտահետազոտական նախագծեր, իսկ հինգ տարվա ընթացքում հասնել արդյունքների առևտրայնացմանը:

Նմանատիպ նյութեր