119291 դիտում
09:56 18-09-2019
Կրակոցներ Արմավիրի մարզում. 3 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. դեպքի վայրում հայտնաբերվել են 2 տեսակի ատրճանակից արձակված պարկուճներ. Ժամանել են մարզի ոստիկանապետը, քննչականի պետն ու տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով և դանակահարված իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 30-ամյա Գարուշ Սահակյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «աջ ազդրի շրջանի հրազենային վերք, խորանիստ զարկերակների վնասվածքներ, արտաքին արյունահոսություն, հեմորալգիկ շոկ 3-րդ 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ:
Արդեն կանչով հիվանդանոց են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Սամվել Տոնոյանի և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Բազունցի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Սամսոնյանի գլխավորությամբ:
Մինչ ոստիկաններն ու քննիչները պարզում էին, թե որտեղից է վիրավորը տեղափոխվել հիվանդանոց, Էրեբունի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոտիկանության Վաղարշապատի բաժին, որ «պոլօիտրավմա, կրծքավանդակի աջ կեսի հրազենային վնասում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել նույն գյուղի բնակիչներ, 33-ամյա Կարեն Ալավերդյանը, և «աջ և ձախ ստորին վերջույթների հրազենային վնասում» ախտորոշմամբ 37-ամյա Ավագ Ալավերդյանը:
Հիվանդանոցներում բժիշկները ոստիկաններին և քննիչների հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:
Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նշված անձինք հրազենային և մարմնական վնասվածքները ստացել են իրենց գյուղի Ռ. Ավագյան փողոցում, որտեղ ժամանած իրավապահները հայտնաբերել են տարբեր տեսակի ատրճանակներից արձակված մի քանի պարկուճ, կոտրված շշեր, և արնանման հետքեր:
Տեղում աշխատել են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագետները՝ ավագ փորձաքրեագետ Գալստյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Վ. Սամսոյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական և դատաբժշկական:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քննիչի հանձնարարականով դեպքի վայրից ոստիկանության Վաղաշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 2 ավտոմեքենա:
Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1 դասակի ծառայողները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 228+
228+