211652_close_icon
views-count104337 դիտում article-date 10:12 19-05-2023

Կրակոցներ Երևանում․ Դավիթաշենի թաղապետի տեղակալը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ․ ժամանել է Երևանի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 19-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 9։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 166 տան դիմաց կրակոցներ են հնչել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանն ու Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Ոստիկանները դեպքի վայրում հայտաբերել են ինքնաձիգից արձակված 2 պարկուճ։ Նրանք սահմանազատել են տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վահե Խանզադյանի, Ռազմիկ Մինասյանի և Սուրեն Աբովյանի գլխավորությամբ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայրից 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, մեզ հետ զրույցում նշեցին, որ վիրավորը Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Կորյուն Մխիթարյանն է, սակայն Գ․ Շամշյանի տեղեկություններով նա ոչ թե թաղապետի տեղակալն է, այլ թաղապետի օգնականը։

Դեպքի փաստով Է․ Բալոյանի որոշամբ ստեղծվել է քննչական խումբ, և նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ովքեր այս պահին քննչական խմբի հետ աշխատանքներ են կատարում դեպքի վայրում։

Քիչ առաջ ոստիկաններն ու քննիչները մոտ 500 մետր հեռավորության վրա՝ Պարսեղովի փողոցում, հայտնաբերել են Volkswagen Tuareg մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակու վրա առկա է կրակոցի 3 հետք, վարորդի և նրա հետևի, ինչպես նաև բեռնախցիկի  ապակիները կոտրված են, իսկ աջ կողմի ապակիների վրա առկա են «բոթասի» հետքեր։

Այս պահին տեղում աշխատում են քննիչներն ու փորձաքրեագետը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենան պատկանում է Կ․ Մխիթարյանին, ով եղել է ղեկին։

Ավտոմեքենայում հայտնաբերվել են նաև արյան հետքեր։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 284+
284+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր