211652_close_icon
views-count1825 դիտում article-date 21:30 16-09-2019

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպումներ է ունեցել Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի և Լիտվա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ

Պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 16-ին հանդիպեց Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև փոխնախագահ և եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Գեդիմինաս Կիրկիլասը: Գոհունակություն հայտնելով երկու երկրների խորհրդարանների միջև առկա ակտիվ երկխոսության կապակցությամբ՝ ԱԳ նախարար Մնացականյանը և Սեյմասի խոսնակ Պրանցկետիսը ընդգծեցին խորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ հետևողական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում նախարար Մնացականյանը նշեց, որ Վիկտորաս Պրանցկետիսի առաջիկա այցը Հայաստան լրացուցիչ խթան կհաղորդի խորհրդարանական երկկողմ հարաբերությունների ընդլայմանը և խորացմանը։ Ներկայացնելով Հայաստանի կառավարության առաջնահերթություն հանդիսացող բարեփոխումների օրակարգը՝ նախարար Մնացականյանը նշեց, որ կառավարությունը հաստատակամ է և ունի քաղաքական կամք՝ կյանքի կոչելու ժողովրդի կողմից տրված լայն մանդատի շրջանակներում իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ ուղղված երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդմանը: Անդրադառնալով Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությանը՝ նախարար Մնացականյանը կարևորեց Եվրամիության և անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս առնչությամբ բարձր գնահատվեց նաև Լիտվայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում համագործակցության խորացման ուղղությամբ ցուցաբերվող աջակցությունը: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Նույն օրը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ նաև Լիտվայի Սեյմասում գործող ամենամեծ բարեկամական խմբի՝ Լիտվա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Գուոդա Բուռոկիենեի և խմբի որոշ անդամների հետ։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկու երկրների համար առաջնային ոլորտ հանդիսացող տեղեկատվական տեխնոլոգիաների, սմարթ զարգացման, ստեղծարար կրթության, բնապահպանության և բազմաթիվ այլ ոլորտներում համագործակցության և երկրների փորձի փոխանակման հեռանկարների շուրջ: ԱԳ նախարարը խորհրդարանականներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։ Զրուցակիցները համակարծիք էին, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Նմանատիպ նյութեր