211652_close_icon
views-count1183 դիտում article-date 19:06 03-10-2019

Արարատ Միրզոյանն ընդունել է Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին: Երկու երկրների խորհրդարանների ղեկավարներն առանձնազրույց են ունեցել եւ քննարկել համագործակցության մի շարք ուղղություններ: Արարատ Միրզոյանը, ողջունելով Վիկտորաս Պրանցկետիսին նոր Հայաստանում, ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների եւ ընդհանուր տեսլականի վրա՝ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների զարգացման ուղղությամբ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Լիտվայի խորհրդարանին՝ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վավերացման համար՝ ընդգծելով, որ այն շատ կարեւոր է ՀՀ-ի համար: Արարատ Միրզոյանը նաեւ շնորհակալություն է հայտնել, որ Լիտվայի խորհրդարանականները միջազգային տարբեր հարթակներում աջակցում են եւ շատ հավասարակշիռ մոտեցում են ցուցաբերում ԼՂ խնդրի կարգավորման հարցում: Վիկտորաս Պրանցկետիսը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին Հայաստան այցելելու հրավերի համար: «Դա պատիվ է մեզ համար, եւ մենք շնորհավորում ենք Հայաստանին՝ Թավշյա հեղափոխության համար, դա համարում ենք նոր քայլ Եվրամիության հետ համագործակցության խորացման ուղղությամբ: Կարծում եմ՝ մեր այցը հաստատում է, որ մեր երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը գնում է ճիշտ ուղղությամբ»,- ասել է Լիտվայի խորհրդարանի ղեկավարը: Նա շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցել բոլոր ուղղություններով եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահին հրավիրել է Լիտվա: Վիկտորաս Պրանցկետիսը տեղեկացրել է, որ ամանորից հետո նախատեսվում է Լիտվայի վարչապետի այցը Հայաստան: «Կարծում եմ, որ ձեր այցը ճիշտ ժամանակին կլինի»,- Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցի ժամանակ նշել է Վիկտորաս Պրանցկետիսը: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի, ինչպես նաեւ այն աջակցության համար, որ Լիտվան պատրաստ է ցուցաբերել Հայաստանին՝ ժողովրդավարական ուղղությամբ շարժվելու գործում: «Այդ ուղերձը մեզ համար շատ կարեւոր է: Մենք ձեր դեսպանի հետ զրուցել ենք եւ արդեն ուրվագծվում են մի քանի ոլորտներ, որտեղ կարելի է կենտրոնացնել մեր ջանքերը: Մեր կողմից նույնպես համագործակցության մեծ պատրաստակամություն կա: Ցանկանում եմ վստահեցնել, որ կոռուպցիայի դեմ պայքարը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը մեզ համար դատարկ խոսքեր չեն, դրանք մեզ համար արժեքներ են: Մենք զրկված ենք եղել հնարավորությունից՝ ապրել ժողովրդավարական հասարակությունում ավելի քան 2 տասնամյակ եւ մեզ անհրաժեշտ է լրացնել այդ բացը ու երբեք չշեղվել այդ ճանապարհից»,- վստահեցրել է Արարատ Միրզոյանը: Լիտվայի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը կշարունակեն տարբեր հարթակներում, տարբեր ձեւաչափերով: Արդեն ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ողջունելով Լիտվայի խորհրդարանի խոսնակի գլխավորած պատվիրակության անդամներին, շնորհակալություն է հայտնել երկու երկրների հարաբերությունները զգալիորեն զարգացնելու համար: Արարատ Միրզոյանը վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է եւ ցանկանում է սերտացնել հարաբերությունները Լիտվայի հետ: Օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է նաեւ խորհրդարանական համագործակցությունը՝ նշելով, որ ՀՀ-ում Լիտվայի դեսպանի հետ արդեն քննարկել են կոնկրետ ոլորտներ, որտեղ կարող են կենտրոնացնել այդ համագործակցությունը, փոխանակել փորձը եւ սովորել միմյանցից: «Կարծում եմ, որ մեր համագործակցությունը պետք է զարգանա՝ հիմնված է ընդհանուր արժեքների վրա՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, ազատ մրցակցություն, անհաշտ պայքար կոռուպցիայի դեմ: Որպես մեր գործընկերներ՝ ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ դրանք մեր հիմնարար արժեքներն են եւ մենք չենք շեղվելու այս ճանապարհից»,- լիտվացի խորհրդարանականներին ասել է Արարատ Միրզոյանը: Նա ընդգծել է, որ մենք ապրում ենք բարդ տարածաշրջանում եւ կան մի շարք չլուծված հարցեր: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Լիտվայի խորհրդարանի անդամներին՝ տարբեր միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հավասարակշռված ջանքերին սատարելու համար: ՀՀ ԱԺ նախագահը Լիտվայի պատվիրակությանը ներկայացրել է մեր երկրում իրականացվող գործընթացները: «Թերեւս ամենաէական 2 մարտահրավերներ պիտի նշեմ՝ տնտեսական եւ դատաիրավական: Տնտեսական առումով պիտի կիսվեմ մեր նախնական փոքրիկ հաջողություններով. մենք այստեղ արդեն կարողացել ենք էականորեն մեծացնել բյուջեն, որոշ ոլորտներում բարձրացնել աշխատավարձեր, կրճատել ստվերային տնտեսությունը եւ բազմաթիվ այլ փոքրիկ, բայց էական քայլեր ենք կարողացել անել: Այս փոքրիկ հաջողություններն ինձ հիմք են տալիս հույս հայտնելու, որ մյուս տարի եւ դրան հաջորդող տարիներին մենք կարողանալու ենք ավելի էական հաջողություններ գրանցել: Բայց ամենաէականը, որ փոխվել է տնտեսության առումով՝ մենք այլեւս ունենք ազատ մրցակցություն եւ բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք չունեն սեփական բիզնեսներ, հետեւաբար՝ արհեստական մենաշնորհներ ու խոչընդոտներ չեն ստեղծում մնացած տնտեսվարողների համար»: Անդրադառնալով դատաիրավական խնդիրներին՝ ԱԺ նախագահը նշել է. «Անցած տարի տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում հայ ժողովուրդը կարողացավ վերադարձնել իր գործադիր իշխանությունը, ապա տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք միջազգային բոլոր՝ ամենաբծախնդիր գնահատականներով՝ համարվեցին ժողովրդավարության ամենաբարձր չափանիշներին համապատասխան: Եւ այս ընտրություններից հետո հայ ժողովուրդն իրեն վերադարձրեց նաեւ օրենսդիր իշխանությունը: Մեծ ցավով պիտի ասեմ, որ նույնը չենք կարող ասել իշխանության մյուս ճյուղի՝ դատական իշխանության մասին»: Լիտվայի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Լիտվան էլ ինքնատիպ երկիր չէ դատաիրավական բարեփոխումների առումով եւ նույնպես առերեսվում է մի շարք խնդիրների: «Անցած ամիս, օրինակ, մեր խորհրդարանն ամենաբարձր մակարդակի 6 դատավոր պաշտոնից ազատեց, քանի որ կասկած կար, որ նրանք կոռուպցիոն գործողությունների մեջ են ներգրավված: Կարծում եմ, որ այս խնդիրները գլոբալ տարածում ունեն: Իհարկե, յուրօրինակ չէ ձեր դեպքը, մենք հուսով ենք, որ մեր փորձը արժեքավոր կլինի նաեւ ձեզ համար: Արդարադատության համակարգն արդեն իսկ օրենքներ է ներկայացրել Լիտվայում՝ դատաիրավական համակարգի կոնսոլիդացման համար: Վերջին տարիների ընթացքում դատարանների նկատմամբ հավատը նշանակալիորեն ավելացել է հանրության շրջանում: Հուսով ենք, որ յուրաքանչյուր երկիր՝ ներառյալ Հայաստանը, կկարողանա նման վստահություն ձեռք բերել»,- ասել է Վիկտորաս Պրանցկետիսը: Լիտվացի խորհրդարանականներին ողջունել են Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Լիտվացի խորհրդարանականներն իրենց հերթին սերտ համագործակցության պատրաստակամություն են հայտնել, ողջունել Հայաստանում ընթացող բարեփոխումները եւ հաջողություն մաղթել՝ ժողովրդավարության հաստատման ու բարեփոխումների ճանապարհին: Լիտվայի խորհրդարանի ղեկավար Վիկտորաս Պրանցկետիսը գրառում է կատարել Ազգային ժողովի գրքում եւ բարեկամության ծառ տնկել ՀՀ Ազգային ժողովի այգում:

Նմանատիպ նյութեր