Կեյլոր Նավասը տեղափոխվեց ՊՍԺ
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը հինգ տարի «արքայական» ակումբի գույները պաշտպանելուց հետո տեղափոխվեց «Պարի Սեն Ժերմեն», հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/09/02/keylor-navas/1012373]Armsport.am[/url]-ը:
Փարիզյան կողմը պաշտոնապես հայտարարել է գործարքի մասին։ ՊՍԺ-ի Twitter-յան պաշտոնական էջից տեղեկանում ենք նաև, որ դարպասապահ Ալֆոնս Արեոլան մեկ տարի վարձակալական հիմունքներով հանդես կգա «Ռեալի» կազմում։ Ֆրանսիացի դարպասապահի վարձակալության ժամկետը կլրանա 2020 թվականի հունիսի 30-ին։ Գործարքը չի ներառում Արեոլայի տրանսֆերը հետագայում գնելու պարտադիր իրավունք։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կեյլոր Նավասը ժամանել էր ՊՍԺ-ի գրասենյակ ակումբի հետ պայմանագիր կնքելու նպատակով։ Հաղորդվում էր, որ 32-ամյա դարպասապահի համար փարիզյան ակումբը կվճարի 13,5 միլիոն եվրո, ինչպես նաև գործարքի մեջ կներառի դարպասապահ Ալֆոնս Արեոլային։