4304 դիտում
23:26 31-08-2019
Բնական է՝ որոշ հարցերում Արցախի իշխանության հետ կա անհամաձայնություն․ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ «Նուվել դը Արմենիին». Արմենպրես
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդարձակ հարցազրույց է տվել «Նուվել դը Արմենի» պարբերականին։ [url=https://armenpress.am/arm/news/986526.html]«Արմենպրեսը»[/url] ներկայացնում է վարչապետի՝ «Իշխանության ժամանակը» վերնագրով հարցազրույցի ամբողջական տարբերակը հայերեն։
Ն․Դ․Ա : Լրանում է Ձեր իշխանության գալու 500-րդ օրը։ Դուք ունեք Հայաստանի ճակատագիրը կրելու ծանր պատասխանատվություն։ Արդյոք ամեն ինչ այնպե՞ս է, ինչպես պատկերացնում էիք։ Ի՞նչն է սպասվածից ավելի դժվար, եւ ինչը՝ հեշտ։
Նիկոլ Փաշինյան։ Առիթ ունեմ կարծելու «հեշտ» կամ «դժվար» կատեգորիաներն այդ հարցի դեպքում չեն գործում։ Երկրի կառավարման գործում, ընդհանուր առմամբ, չկան հեշտ գործեր։ Ինչպես ցանկացած գործունեություն, կառավարելը անբաժանելիորեն միահյուսված ասպեկտների ամբողջություն է։ Ամենամեծ հաջողությունը, որ արդեն ընդգծել եմ, եղել է ժողովրդավարության հաստատումը Հայաստանում։ Ես խոսում եմ ժողովրդավարության մասին բառի ոչ նեղ իմաստով։ Ձեր հնչեցրած հարցում դուք ասացիք, որ ես իմ ուսերին եմ կրում Հայաստանի պատասխանատվությունը։ Այո, դա ճիշտ է․ ես երբեք չեմ խուսափել եւ չեմ խուսափի իմ պատասխանատվությունից։ Ժողովրդավարության գաղափարը հետևյալն է․Հայաստանը բռնապետություն չէ, այն չի կառավարվում բռնապետական ռեժիմի կոմից։ Իմ հիմնական ուղերձը, որ ես կրում էի իմ՝ որպես ընդդիմադիր գործիչ քաղաքական կարիերայի սկզբից, եւ անգամ, դրանից առաջ, այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի պատասխանատվության իր բաժինը առօրյա կյանքում։ Անկասկած, որոշ մարդկանց վրա դրված պատախանատվություններն ավելի տեսանելի են։
Իրողությունները, գործընթացները սկսում են աննկատ, փոքր մասշտաբով, զարգանում են եւ հասնում վերջնակետի։ Նույն բանն է Թավշյա հեղափոխության դեպքում։ Ահա թե ինչու ես սկսեցի գործընթաց, որ հանգեցրեց հեղափոխության, բայց եթե մենք ավելի ուշադիր ուսումնասիրենք մեր հասարակությունը, կտեսնենք՝ այդ գործընթացը սկսել էր շատ վաղուց։ Սաղմերը եղել են մոլեկուլային մակարդակում, տարբեր ոլորտներում՝ տնտեսական, սոցիալական եւ այլն, եւ դրանց էվոլյուցիան թուլ տվեց հասնել նպատակին։ Ակնհայտորեն, այս գործընթացում որոշ ասպեկտներ ավելի շոշափելի են, քան մյուսները։ Հայաստանի զարգացման իմ տեսլականը հետեւյալն է․ հաղթանակները, որ մենք պիտի տանենք, չպետք է գեներացվեն միայն մի ուղղությամբ՝ կառավարությունից դեպի ժողովուրդ։ Դրանք պետք է իրականացվեն երկու ուղղությամբ էլ։ Դա կկատարվի համակարգված ձեւով, եթե կա որոշակի փոխըմբռնում ժողովրդի եւ կառավարության միջեւ, եւ եթե նրանց ձգտումները, նպատակները եւ գաղափարները համընկնում են։ Այսօր Հայաստանի մեծ յուրահատկությունը հենց այդտեղ է․ կառավարությունն ուզում է այն, ինչ ուզում է ժողովուրդը, կառավարությունը մտածում է նույն կերպ, ինչ քաղաքացիները, ոչ բոլոր քաղաքացիները իհարկե, բայց գոնե մեծամասնությունը։ Փոփոխությունների խոչընդոտներից, մեծ դժվարություններից մեկը բխում է գեներալիզացված կոռուպցիոն համակարգից, որում երկար տարիներ ապրել է Հայաստանը։ Միկրոկոռուպցիան եղել է բնական, կենցաղային գործելաոճ․փոքր խնդիրները կարգավորվել են այդ միկրոկոռուպցիայով: Շատ կարճ ժամանակահատվածում իրավիճակը փոխվել է։ Խնդիրներն այլեւս լուծում չեն գտնում կոռուպցիայով եւ հետեւաբար, երբեմն առհասարակ մնում են անլուծելի։ Ինչո՞ւ։ Որովհետեւ պետական համակարգը սովոր է եղել նման գործելաոճին։ Օրենքները գրված են եղել, ես կրկնում եմ, բավարարելու համար Եվրոպային եւ ոչ կարգավորելու սոցիալական հարաբերությունները․ օրենքը միայն ցուցադրական արտաքին շքեղություն էր, ֆասադ, իսկ դրա հետեւում հարցերը լուծվում էին մանր ու մեծ կոռուպցիայով։ Այսօր մենք խաչ ենք քաշել այդ գործելակերպի վրա եւ փորձում ենք կառուցել երկրի կյանքը՝ հարգելով օրենքի գերակայությունը։ Բայց մենք գիտակցում ենք, որ օրենքները նախատեսված չեն այդ նպատակին ծառայելու համար, եւ ուրեմն, հնարավոր չէ կազմակերպել կյանքը արդյունավետ կերպով։ Ի հետեւանս՝ մեր ամենամեծ մարտահրավերն այսուհետ այդ օրենքները մեր իրականությանը, մեր խորը ձգտումներին ներդաշնակեցնելու, համապատասխանեցնելու մեջ է։
Ն․Դ․Ա - Հայերին մտահոգող ամենամեծ հարցը կապված է անվտանգության հետ։ Ի՞նչ կարող եք ասել նրանց հանգստացնելու համար։ Ձեր կարծիքով՝ որտեղի՞ց են գալիս գլխավոր սպառնալիքները երկրի համար։
Ն․Փ - Քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծում չի ստացել, վաղաժամ է խոսել այդ անհանգստությունները ցրելու մեխանիզմից։ Մենք ունենք հակամարտություն, այդ հակամարտությունը կարգավորված չէ։ Եթե մենք ժողովուրդ ենք՝ օժտված ստրատեգիական մտածողությամբ, իսկ ես վստահ եմ, որ մենք այդպիսինն ենք, ապա մենք չենք կարող խնդիրները լուծել կարճ ժամանակում, մի քանի օրվա ընթացքում։ Մենք պետք է գիտակցենք, որ ունենք խնդիր, որի լուծումը պահանջում է համազգային ներուժի համախմբում։ Դրա համար առաջնահերթ պետք է, որ Հայաստանի հասարակությունը եւ տնտեսությունը լինեն մրցունակ, ներառական եւ մշտապես զարգացման ճանապարհին։ Մենք պետք է մեծագույն լրջությամբ ապահովենք մեր տնտեսական առաջընթացը։ Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել միայն դիվանագիտական կամ ռազմական ճանապարհներով առանձին վերցրած։ Անհրաժեշտ է ավելի լայն համակցություն, որի կենտրոնում են ուժեղ եւ մրցունակ տնտեսությունը, հզոր հասարակությունը եւ առաջատար տեխնոլոգիաներով երկիրը։ Ես արդեն բազմիցս ասել եմ՝ մեր ծրագիրը նրանում է, որ կարողանանք հասկացնել մեր բոլոր հնարավոր հակառակորդներին, որ մենք՝ որպես ժողովուրդ այնքան միասնական ենք, որպես հասարակություն՝ այնքան համախմբված, որպես պետություն՝ այնքան հզոր, որ իմաստազուրկ է մեզ հետ պատերազմելը, որովհետեւ միակ ելքը կլինի իրենց պարտությունը։ Կարիք չկա երկուստեք հանգստացնելու կամ վստահեցնելու։ Մենք պետք է հասկանանք, որ ունենք խնդիր, եւ այդ խնդիրը վերաբերում է բոլորիս։ Անկասկած, այդ խնդրի լուծումը կառավարության եւ անձամբ վարչապետի առաջնահերթությունն է։ Ես տեսնում եմ իմ գործը ոչ պարզապես համազգային ուժերը միավորելու մեջ․ պետք չէ համախմբվել սոսկ համախմբվելու համար։ Իմ խնդիրը իրական հնարավորություններ ստեղծելն է մեր ազգային ներուժը միացնելու եւ զարգացնելու համար։
Ն․Դ․Ա - Եթե ես Ձեզ ճիշտ եմ հասկանում, դուք կապում եք անվտանգության հարցը տնտեսական զարգացման հետ։
Ն․Փ - Այո, անկասկած։ Ավելին, մենք չենք կարող այն կապել որեւէ այլ ոլորտի հետ այսպես անմիջականորեն։ Զորեղ դիվանագիտություն, հզոր բանակ ունենալու համար անհրաժեշտ են միջոցներ, որ գեներացնում է մեր տնտեսությունը։ Իսկ ինչպե՞ս է կառուցվում մեր տնտեսությունը։ Մենք չենք կարող կարգավորել ռազմական հակամարտությունը և աշխարհաքաղաքական բարդությունները՝ հենվելով միայն ծիրանի արտահանմամբ զբաղվող տնտեսության վրա։ Թյուրըմբռնումներ թող չլինեն․ ես կարծում եմ, որ գյուղատնտեսությունը կարեւոր է, այն կազմում է մեր ՀՆԱ-ի 14 տոկոսը։ Բայց սա հակամարտություն ունեցող երկրի տնտեսություն չէ։ Գյուղատնտեսական արտադրանքի ծավալները պետք է դեռ աճեն, քանի որ մեր երկրում շատ են անմշակ հողատարածքները։ Անհրաժեշտ է մեծացնել գյուղատնտեսական արտադրանքի քանակը, բայց նվազեցնել նրա մասնաբաժինը ՀՆԱ-ում։ Գյուղատնտեսության ոլորտն արտադրանքի եւ արտահանման քանակով պետք է աճի 10 անգամ, բայց միեւնույն ժամանակ պետք է ՀՆԱ-ում իր կշիռը 14 տոկոսից հասցնի 1-ի՝ հնարավոր բոլոր հետեւանքներով։ Նույնն է նաեւ հանքարդյունաբերության դեպքում։
Ն․Դ․Ա․ - Այդ առնչությամբ ի՞նչ եք պատրաստվում անել նվազեցնելու համար հայաստանյան տնտեսության կախվածությունը հանքարդյունաբերությունից։
Ն․Փ․ - Միակ հնարավոր ճանապարհը տեխնոլոգիաների եւ վերամշակող տնտեսության զարգացումն է։ Եւ ես կարծում եմ՝ մի օր անհրաժեշտ կլինի նախատեսել օրենք արգելելու համար հումքի եւ հանքանյութերի արտահանումը Հայաստանից։ Բայց դա հնարավոր կլինի այն դեպքում, եթե հենց երկրում ունենանք խոշոր ձուլարաններ, մոլիբդենի վերամշակման գործարաններ եւ ամբողջական հանքարդյունաբերություն։ Սա է այն ճանապարհը, որ մենք մտադիր ենք եւ պետք է բռնենք։ Դեռ ոչ մի թերզարգացած երկիր չի հաջողել պաշտպանել իր շահերը հակամարտության մեջ։ Ամեն ինչ կապված է տնտեսական առողջության հետ։ 2019-ի առաջին եռամսյակում Հայաստանը գրանցել է ամենամեծ աճը եվրոպական բոլոր երկրների մեջ: Շատ ուրախանալու առիթ չունենք, որովհետեւ մենք սկսել ենք շատ ցածրից։ Բայց դա լավ ու իրական նշան է։ Ո՞րն է մեր կառավարության ամենամեծ հաջողությունն այսօր։ Դե, իհարկե, ամենամեծ հաջողությունն այն է, որ մենք օլիգարխիկ տնտեսությունից անցել ենք ներառական տնտեսության, որը թույլ է տալիս յուրաքանչյուրին զբաղվել ձեռներեցությամբ։ Այսօր տնտեսությունն ազատ է։ Որպիսինն էլ լինի գործունեության ոլորտը, չկան սահմանափակումներ։ Որոշ ժամանակ առաջ արտադրելու, ներկրելու, արտահանելու համար անհրաժեշտ էր ենթարկվել օլիգարխների կողմից խմբագրված կանոններին։ Բայց այդ ժամանակն անցել է, խոչընդոտները հանվել են։ Ներկայում յուրաքանչյուրը կարող է ներդրում անել, աշխատել, ցույց տալ իր տաղանդը։ Քաղաքական առումով որեւէ խոչընդոտ չկա։ Մյուս կողմից, իհարկե, կան այլ արգելքներ՝ գտնել ֆինանսավորման աղբյուր, բարձր տոկոսադրույքներ, թերի ենթակառուցվածքներ, կառուցվելիք ճանապարհներ եւ այլն։ Դա այն էկոհամակարգն է, որ պետք է կառուցենք։ Դա այն է, ինչ մենք փորձում ենք անել։
Ն․Դ․Ա․ - Արցախի հետ հարաբերությունների սառեցում է նկատվում։ Որո՞նք են տարաձայնության կետերը։
Ն․Փ․- Կարծում եմ՝ կոռեկտ չէ ասել, թե Արցախի հետ մեր հարաբերությունները սառել են, քանի որ ամեն օր տասնյակ պաշտոնյաններ մշտական կապի մեջ են, աշխատում են միասին։ Պետք է հստակ ասել իրերը․Արցախի իշխանությունները երկար աշխատել են նախորդ կառավարության հետ՝ բոլոր հետեւանքներով, որ դա կարող էր ունենալ։ Այսօր Հայաստանում նոր իշխանություն է, եւ, բնական է, որոշակի հարցերում կա անհամաձայնություն (ուղիղ խոսք - դիսոնանս)։ Անհրաժեշտ է գործել այդ անհամաձայնությունները վերացնելու համար։ Լավագույն միջոցը դրան հասնելու՝ եկող տարի սպասվող խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն են Արցախում։ Այդ ընտրությունների արդյունքում, որոնք կլինեն ազատ եւ ժողովրդավարական, այդ անհամաձայնությունները դուրս կգան։
Ն․Դ․Ա - Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ստատուս քվոն կգերակշռի ձեր հարաբերություններում մինչեւ ընտրություններ։
Ն․ Փ․ - Մեր հարաբերությունները փոխվում են ամեն օր։ Դրանք լավ են զարգանում։ Ամեն օր մենք ներկայացնում ենք սկզբունքային հարցեր եւ գտնում ենք դրանց պատասխանները։ Մենք կարծում ենք, որ բարելավումները Արցախում պետք է նույն կարգով եւ տեմպով լինեն, ինչ Հայաստանում։ Ի վերջո, մենք միասնականության մասին ենք խոսում, այնպես չէ՞։ Այդ միասնականությունը պետք է մարմնավորվի նախեւառաջ քաղաքական ու հանրային ներդաշնակությամբ։ Այժմ, անհրաժեշտ է հաստատել ներդաշնակություն քաղաքական ոլորտում, Հայաստանի եւ Արցախի միջեւ քաղաքական բովանդակության մեջ ես պետք է ասեմ, որ համոզված եմ՝ Հայաստանի եւ Արցախի հասարակություններն ներդաշնակության մեջ են, մնում է ներդաշնակեցնել կառավարման համակարգերը։ Եվ այդ ներդաշնակությունը պետք է խորանա ամեն օր, ամեն կատարված քայլի հետ։ Այս գործընթացում, բնական է, կա մոտեցումների տարբերություն։ Բայց ի՞նչ ենք ուզում անել։ Արդյո՞ք ուզում ենք վարվել, ինչպես առաջ։ Թաքցնե՞լ խնդիրները։ Խուսափե՞լ դրանցից խոսել։ Բարձրագոչ կենացներ խմե՞լ եւ ձեւացնել, թե ոչինչ չկա՞։ Մենք կշարունակենք կենացներ ասել միայն սեղանի շուրջ։ Մնացյալ դեպքերում, մենք խոսում ենք ուղիղ, ամենայն անկեղծությամբ եւ գործում ենք։
Ն․Դ․Ա - Ի՞նչ եք կարծում, արդյոք հաջողվե՞լ է հաղթահարել այն կասկածները, որ կարող էին ծնվել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի մոտ Թավշյա հեղափոխությունից հետո։ Հայաստանը շարունակո՞ւմ է մնալ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, եւ հակառակը։
Ն․ Փ․ - Հարցի ձեւակերպան այդ ձեւը կարծել է տալիս, թե Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ կասկածների լեգիտիմ իրավունք ունի, իսկ մենք մեր կողմից՝ ոչ։ Ռուսաստանը միշտ իրավունք ուներ կասկածելու, եւ մենք միշտ կասկածվողի դիրքում էինք։ Եւ ինչո՞ւ ոչ ոք չի մտածում՝ իմանալու՝ արդյոք կա՞ն փոխադարձ կասկածներ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Օրինակ՝ երբ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, դա կասկածի առարկա՞ է, թե՞ ոչ։ Ես սրանով ուզում եմ ասել, որ մենք պետք է ազատվենք մեր դարավոր բարդույթներից․ մենք ինքնիշխան գործընկերներ ենք, և եթե նրանք ունեն իրավունք մեզ կասկածելու, մենք էլ նույնքան իրավասու ենք նրանց կասկածելու։ Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ ահա այդ կարեւոր հիմքի վրա պետք է մեր հարաբերությունները զարգանան եւ բարելավվեն անդադար։ Մենք պետք է հաստատենք յուրաքանչյուրի արժանապատվությունը հարգող հարաբերություններ։ Ես վստահ եմ՝ այսօր մեր հարաբերությունները նշանավորվում են այդ արժանապատվությամբ։ Մենք ճիշտ նույնքան իրավասու ենք կասկածելու որեւէ մեկին, որքան որեւէ մեկը կարող է կասկածել մեզ։ Եվ եթե որեւէ մեկը կարծում է, թե մենք բավարար մակարդակի չենք կատարում գործընկերոջ մեր պարտականությունները, մեզ թույլատրվում է անել նույնը։ Թող ոչ ոք չկարծի, թե կասկածների վերացումը պետք է մաս կազմի միայն մեր օրակարգի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ [url=https://armenpress.am/arm/news/986526.html]«Արմենպրեսում»[/url]:
Նմանատիպ նյութեր
1357 դիտում
07:44 27-10-2023
ՔՊ-ում խորը անհամաձայնություն Փաշինյանի հակառուսական քաղաքականության հետ. «Ժողովուրդ»
3340 դիտում
18:50 16-01-2018
Որտեղ ունենք անհամաձայնություն, պարտավոր ենք հասնել ներդաշնակության. Շարմազանով
Այս բաժնից
628 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
922 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
664 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով