1152 դիտում
09:55 22-06-2020
Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը դատարանի որոշման որոշ դրույթների հետ կապված անհամաձայնություն ունի և ուստի պատրաստվում է կարճ ժամկետում որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարան․ պաշտպան
Պնդում եմ, որ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական գործը ՀՀ ԱԱԾ-ում անօրինական կարգով է քննվում և որ այն պետք է քննվի բացառապես ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Այս հարցի վերաբերյալ շատ ծավալուն վերլուծություն կարելի է կատարել, սակայն դա կանենք վերաքննիչ դատարանում, իսկ այժմ խնդիրը կներկայացնեմ առավել հակիրճ և մատչելի:
Այսպես, քննչական ենթակայությունը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով, որի 6-րդ մասով սահմանված է, որ. «Նախաքննությունը ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի /…/ 154.2, /…/ հոդվածներով կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները»:
Բացի այն, որ Գագիկ Ծառուկյանը ԱԺ պատգամավոր է, նրա վերաբերյալ քրեական գործն էլ հարուցվել և քննվում է վերը նշված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով, որի նախաքննությունը կատարում են բացառապես ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից:
Ընդ որում, նույն հոդվածի 10-րդ մասով շատ ուղիղ սահմանված է, որ. «Տարբեր պետական մարմինների քննիչներին ենթակա հանցագործությունների վերաբերյալ գործերը մեկ վարույթում միացնելու կամ գործի քննության ընթացքում այլ քննիչին ենթակա և սույն հոդվածի ութերորդ մասով չնախատեսված հանցագործության բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է դատախազը:
այս կարգը չի տարածվում սույն հոդվածի 6-րդ և 6.1-ին մասերով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի վրա, որոնցից 6-րդ մասով նախատեսված քրեական գործերի նախաքննությունը կատարում են բացառապես Հատուկ քննչական ծառայության քննիչները /…/>>:
Եթե դատախազն իրավունք ունի ցանկացած քրեական գործ մեկ նախաքննական մարմնից վերցնել և հանձնել այլ նախաքննական մարմնի, ապա հարց է ծագում, թե ինչու է օրենսդիրը շատ ուղիղ սահմանել, որ 6-րդ մասում նախատեսված քրեական գործերը քննում են բացառապես հատուկ քննչական ծառայության քննիչները:
Նորից եմ հարցնում՝ ինչ նպատակով է նախատեսված այս բացառությունը և ում համար, եթե ոչ դատախազի :
Այն, որ դատախազությունն այսպիսի անօրինական պրակտիկա է իր համար ձևավորել, որի համաձայն ՀՔԾ ենթակայության քրեական գործերը հանձնում է ԱԱԾ-ի քննությանը, դա դեռ չի նշանակում, որ դա օրինական է:
Այն, որ բազմաթիվ դատավորներՙ լավ հասկանալով, որ դատախազի այդ գործողության անօրինականությունը հաստատելով, անօրինական է դառնալու նաև ամբողջ քրեական գործը, ուստի դեռևս խուսափում են այդ պրակտիկան վերացնելու հարցում առաջինը լինելուց, դա դեռ չի նշանակում, որ այդ պրակտիկան օրինական է:
Եթե անգամ այս քրեական գործով ևս դատարաններն այդ խախտումն արձանագրելու համարձակություն չունենան, վստահեցնում եմ, որ մի օր այդ անօրինական պրակտիկան կվերացվի և դատախազությունը կվերադառնա օրինականության դաշտ:
Իսկ վերջում, որպեսզի այնպես չլինի, թե սա միայն Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմի դիրքորոշումն է, ցանկանում եմ ներկայացնել նաև այս խնդրի վերաբերյալ երրորդ՝ գործի ելքով չշահագրգռված կողմի, իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արթուր Ղամբարյանի՝ «Դատախազական անհնազանդություն քննչական ենթակայության նկատմամբ» աշխատությունից մի հատված.
«Դատախազի լիազորությունը: ՀՀ Քր.ԴՕ-ի 190-րդ հոդվածում, որպես կանոն, հստակ սահմանված է նախաքննության այն մարմինը, ով իրավասու է տվյալ քրեական գործով նախաքննություն կատարել (քննչական ենթակայության իմպերատիվ կանոններ): Դատախազը միայն օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում կարող է փոխել կամ որոշել ենթակայությունը (քննչական ենթակայության որոշման հայեցողություն):
Քննչական ենթակայության իմպերատիվ կանոնների առկայության պայմաններում դատախազը չունի հայեցողություն՝ քրեական գործը նախաքննության մեկ մարմնից վերցնել և հանձնել մեկ այլ նախաքննության մարմնի: /.../
Գործնականում դատախազությունը, անտեսելով քննչական ենթակայության իմպերատիվ կանոնները, ինքն իրեն լիազորություն է վերապահել ցանկացած քրեական գործ մի նախաքննության մարմնից վերցնել և հանձնել նախաքննության այլ մարմնին։ Նման պրակտիկան ոչ այլ ինչ է, քան անհնազանդություն քննչական ենթակայության ինստիտուտի նկատմամբ»:
Սա էլ երրորդ՝ անկողմնակալ անձի, գիտնականի օբյեկտիվ դիրքորոշումն այս հարցի կապակցությամբ:
Հետևությունները թողնում եմ ընթերցողին:
Իսկ վերջում նշեմ, որ Գագիկ Ծառուկյանի գործով դատարանն այս հարցին չի անդրադարձել՝ նշելով, որ այս փուլում նման իրավասություն չունի:
Քանի որ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը դատարանի որոշման որոշ դրույթների հետ կապված անհամաձայնություն ունի և ուստի պատրաստվում է կարճ ժամկետում որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարան, ուստի այս հարցը ևս կլինի բողոքարկման առարկա»,- գրել է նա:
Նմանատիպ նյութեր
1562 դիտում
14:27 11-04-2019
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել Վերաքննիչ դատարանի որոշումը
3086 դիտում
12:12 26-06-2020
Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք է ներկայացրել
Այս բաժնից
673 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին