211652_close_icon
views-count1247 դիտում article-date 16:00 27-08-2019

Վարչապետն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակներին

Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակը ՀՀ ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովելն է, ինքնիշխանության ու անվտանգության մակարդակը հետևողականորեն բարձրացնելը, մեր երկրի և նրա քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության համար առավել նպաստավոր արտաքին միջավայր ձևավորելը: «[url=https://armenpress.am/arm/news/986059.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով` որպեսզի սա տեղի ունենա, անհրաժեշտ է, որ Հայաստանի ձայնը, դիրքորոշումները, մոտեցումներն ու նպատակները աշխարհի համար լինեն ավելի տեսանելի, լսելի և ընդունելի: «Այսպիսով, ձևակերպվում է Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրը. այն է` բարձրացնել Հայաստանի Հանրապետության սուբյեկտությունը միջազգային հարաբերություններում, բարձրացնել Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային հարաբերություններում: Արդյոք մենք սրա համար ունե՞նք նախադրյալներ և հնարավորություններ: Այո, միանշանակ, և թույլ տվեք ասել, որ այս խնդրի լուծման կարևորագույն փաստերից մեկը 2018թ. Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն է, որը դարձավ բառիս բուն իմաստով համաշխարհային իրադարձություն, և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները պետք է, որ այդ փաստն օգտագործեին աշխարհում Հայաստանի ճանաչելիությունն ու հեղինակությունը բարձրացնելու համար: 2018թ. հայկական հեղափոխությունն անձի, քաղաքական թիմի կամ խմբի մասին չէ, այն երկրի, պետության ու ժողովրդի մասին է, ժողովրդի ու պետության աստիճանի ու պոտենցիալի մասին է, և այն պետք է պատշաճ ձևով ներկայացվի ողջ աշխարհին, այս անգամ արդեն ոչ թե որպես լրատվական անցողիկ թողարկման նյութ, այլ որպես երկիրը բնորոշող տեղեկատվություն: Այս տեղեկատվությունն իմ խորին համոզմամբ Հայաստանն աշխարհի համար հետաքրքիր դարձնելու անփոխարինելի միջոց է, մանավանդ ժամանակակից աշխարհում, որտեղ բոլորը և ամենուր խոսում են ժողովրդավարության ճգնաժամի մասին: Ժողովրդավարությունը պետք է դառնա ՀՀ արտաքին քաղաքականության թիվ մեկ այցեքարտը, և մեր խնդիրն է աշխարհին ցույց տալ, որ Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի է, որովհետև այն հիմնված և հենված է ոչ թե անձի, ոչ թե կոնկրետ քաղաքական շրջանակի, այլ ժողովրդի գիտակցության, կամքի և ձգտումների վրա»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ հաջորդ սկզբունքը, որ պետք է օգնի բարձրացնել Հայաստանի սուբյեկտությունը, համահայկականությունն է: «Մեր արտաքին քաղաքական բարդություններից ու բարդույթների ամենաառանցքայինը փոքր ազգի, փոքր պետության ընկալումն է: Ընդ որում, այս բարդույթը հաճախ արտահայտություն է գտնում մեր հանրային, պետական կյանքի բոլոր մակարդակներում, ամենօրյա կենցաղից մինչև արտաքին քաղաքականություն: Հետևաբար, փոքրի բարդույթը հաղթահարելը կենսական նշանակություն ունի մեզ համար, և սրա գործնական լուծումն իմ պատկերացմամբ հետևյալն է` Հայաստանի դեսպաններն իրենց հավատարմագրված երկրներում պետք է ներկայանան ոչ թե որպես փոքր քաղաքական խմբակի կամ իշխող էլիտայի կամ, նույնիսկ, անգամ, փոքր պետության, այլ, որպես համահայկական ներկայացուցիչ, համայն հայության ներկայացուցիչ: Սրա համար այսօր կան բոլոր պայմաններն ու նախադրյալները, որովհետև ՀՀ կառավարությունն ունի ժողովրդական աջակցության նույնպիսի մակարդակ Հայաստանում ու սփյուռքում, և քանի որ պայմանավորվեցինք, որ Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի է, ու քանի որ բազմիցս ենք հայտարարել, որ մեր կառավարության նպատակը սփյուռքի, Հայաստանի և Արցախի միջև սահմանները ջնջելն ու վերացնելն է, հասկանալ է, որ այսպիսի իրավիճակը պետք է հարատև լինի: Համահայկականության տրամաբանությունը պետք է նոր կշիռ տա Հայաստանի Հանրապետությանը, նրա խոսքին ու դիրքորոշմանը, իսկ այսպիսի խնդիր լուծելու համար Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները հայկական համայնք ունեցող բոլոր երկրներում պետք է լինեն ողջ հայությանը համախմբող գործոն, և դադարեն սփյուռքի մեր հայրենակիցներին իներցիայով բաժանել ընդդիմադիրների և իշխանամետների, հների և նորերի»,- նշեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր