211652_close_icon
views-count1381 դիտում article-date 15:02 22-08-2019

Գեղարքունիքի մարզպետն Ակունք համայնքում ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Ակունք համայնք: Մարզպետը դիտարկեց ՀՀ կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում գյուղի կենտրոնական փողոցից դեպի մանկապարտեզ տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն օգոստոս ամսվա վերջերին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 22 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ակունքի համայնքապետարանը: Գնել Սանոսյանը դիտարկեց նաեւ համայնքի խմելու ջրատարի մեկ կիլոմետր երկարությամբ ներքին ցանցի կառուցման աշխատանքները, որոնք ընթանում են սուբվենցիոն մեկ այլ ծրագրով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 18 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ակունքի համայնքապետարանը: Նույն ծրագրի շրջանակներում կառուցվում է նաեւ երկաթյա կիսախողովակներով ջրահեռացման համակարգ եւ ոռոգման ցանց մի քանի թաղամասերում: Գնել Սանոսյանն այցելեց նաև Ակունքի մանկապարտեզ, ծանոթացավ համայնքի միջոցների հաշվին համայնքային մի շարք խնդիրների կարգավորմանն ուղղված աշխատանքներին, տվեց ցուցումներ եւ հանձնարարականներ, սոցիալական եւ բնակարանային խնդիրների շուրջ քննարկում անցկացրեց ակունքցիների հետ: Աշխատանքային այցի ավարտին մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Ակունք համայնքի «Էկոկաթ» պանրի արտադրամաս, շրջայց կատարեց արտադրամասերում, ծանոթացավ արտադրական պայմաններին եւ հզորություններին: «Արտահանման ծավալներն այստեղ տարեցտարի կայուն աճ են գրանցում: Արտահանումն իրականացվում է հիմնականում Բելառուս եւ Ղազախստան: Արտադրանքի մոտ 70 տոկոսն արտահանվում է, տեղական շուկային բաժին է մնում արտադրանքի 30 տոկոսը»,-ներկայացրեց «Էկոկաթ» ձեռնարկության ղեկավար Արթուր Մովսիսյանը:

Նմանատիպ նյութեր