211652_close_icon
views-count1087 դիտում article-date 14:06 20-08-2019

Գնդեվազի նախկին ղեկավարը հողատարածք է վաճառել «Լիդիան Արմենիա»-ին՝ վնաս պատճառելով համայնքին

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացնում Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթում Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության վերաբերյալ: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարը, տեղյակ լինելով, որ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը հողատարածքներ է գնում, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շահադիտական նպատակով, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հանդիսանալով հողերի օտարման աճուրդ կազմակերպող մարմնի ղեկավար, համայնքի ղեկավարի որոշմամբ և հիմք ընդունելով աճուրդային հանձնաժողովի արձանագրությունը՝ համայնքի արոտավայր հողատարածքներից 9.91 հեկտար հողատարածքը 2014թ. մայիսի 29-ին 410.130 ՀՀ դրամով աճուրդային կարգով վաճառել է իր որդուն, ով իր հերթին նշված հողատարածքը 2015թ. մայիսի 26-ին անհամեմատ թանկ՝ 147 300 838 ՀՀ դրամով, վաճառել է «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը՝ էական վնաս պատճառելով համայնքին: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից, ընդհանուր առմամբ, վերականգնվել է 70 000 000 ՀՀ դրամ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր