Իտալիային կարող են զրկել Օլիմպիադաներից՝ սպորտի մասին կառավարության ընդունած օրենքի պատճառով
Իտալիայի հավաքականը կարող է հեռացվել Տոկիո-2020-ի ամառային Օլիմպիադայից և զրկվել 2026թ. Միլանում ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման իրավունքից: Պատճառը երկրի կառավարության միջամտությունն է Ազգային օլիմպիական կոմիտեի աշխատանքներին: Այդ մասին հայտարարել է Իտալիայի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ջովանի Մալագոն:
«Ես խիստ անհանգստացած եմ Իտալիայի օլիմպիական սպորտի ապագայով: Մեր գլխավերևում սև ամպեր են կուտակվել: Հետևանքները կարող են աղետալի լինել», ասել է Մալագոն:
Օգոստոսին Իտալիայի խորհրդարանը հավանության արժանացրել ազային սպորտի համակարգի բարեփոխումների մասին օրենքը, որը կառավարությանն է փոխանցում մարզական գործունեության կազմակերպման հիմնական լիազորությունները:
Այդ իրավիճակը հակասում է Միջազգային օլիմպիական կոմիտեի կանոններին՝ ազգային օլիմպիական կոմիտեներ աշխատանքին կառավարությունների չմիջամտելու վերաբերյալ:
Վատագույն զարգացումներին դեպքում ՄՕԿ-ը կարող է որակազրկել Իտալիայի ԱՕԿ-ին, ինչը կնշանակի, որ իտալացի մարզիկները չեն կարողանա Տոկիո-2020-ում մասնակցել սեփական դրոշի ներքո: